երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ռուսական կտրուկ ուժեղացված գնդակոծության պատճառով իշխանությունները սկսել են Վոլչանսկի և հարակից շրջանների բնակիչների կամավոր տարհանումը. Ղամբարիշվիլի

Ռուսական կտրուկ ուժեղացված գնդակոծության պատճառով իշխանությունները սկսել են Վոլչանսկի և հարակից շրջանների բնակիչների կամավոր տարհանումը. Ղամբարիշվիլի

Ռուսական կտրուկ ուժեղացված գնդակոծության պատճառով իշխանությունները սկսել են Վոլչանսկի և հարակից շրջանների բնակիչների կամավոր տարհանումը, հայտնել է ուկրաինական Վոլչանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Թամազ Ղամբարիշվիլին, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այժմ մենք տարհանում ենք բնակչությանը՝ ըստ ցանկության։ Մարդկանց մեծամասնությունը հեռանում է սեփական մեքենաներով, բայց մենք հումանիտար կենտրոնի հետ միասին կազմակերպում ենք այն մարդկանց տեղափոխումը, ովքեր հնարավորություն չունեն ինքնուրույն հեռանալ»,- ասել է նա։

Բացի այդ՝ Ղամբարիշվիլին նաև հայտնել է, որ այժմ Վոլչանսկ քաղաքում ապրում է մոտ 3 հազար մարդ, մինչդեռ մինչ պատերազմը բնակչությունը կազմում էր շուրջ 17 հազար մարդ:

Ղամբարիշվիլիի խոսքով՝ մարդկանց դուրս են բերում Վոլչանսկից և մոտակա բնակավայրերից, որոնք այժմ գտնվում են զանգվածային հրետակոծության տակ, և տեղափոխում են Խարկով։

«Քաղաքը զանգվածաբար հրետակոծվում է։ Ինչպես տեղացիներն են ասում՝ նման բան դեռ չեն լսել ու տեսել։ Ամբողջ բնակավայրի, ամբողջ քաղաքի զանգվածային գնդակոծում է։ Ահա թե ինչու է հիմա այնտեղ լինելը վտանգավոր»,- ասել է նա:

Ղամբարիշվիլիի խոսքով՝ Վոլչանսկի հրետակոծությունը անընդհատ է եղել, բայց ուրբաթ գիշերը ժամը 3-ից սկսած կտրուկ ուժեղացել է։ Միաժամանակ, ռուս զինվորականները կիրառել են բազմակի արձակման հրթիռային համակարգեր, հրետանի և կառավարվող ռումբեր։

Պաշտոնյան հավելել է, որ գնդակոծության հետևանքով բազմաթիվ ավերածություններ են եղել, սակայն զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։

  • Կիսվել: