Ռուսական հուշագիրն իրականում վերջնագիր է. Զելենսկին այն լուրջ չի ընդունում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Ռուսաստանի փոխանցած հուշագրին, որն Ուկրաինային էր հանձնվել հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ, տեղեկացնում է Censor.NET-ը:
Նշվում է, որ Զելենսկին ճեպազրույցի ժամանակ, մասնավորապես, ասել է. «Սա վերջնագիր է, և ո՛չ ուկրաինական կողմը, ո՛չ էլ որևէ մեկն այն լուրջ չի ընդունի, քանի որ դրանում վերջնագիր կա։ Այսինքն՝ այս հուշագիրը թյուրիմացություն է»:
Ըստ նրա՝ Ուկրաինան իր կազմած հուշագիրը Մոսկվա է ուղարկել երկու լեզվով՝ ուկրաիներեն և անգլերեն։ Սակայն Կրեմլից ստացված հուշագիր միայն ռուսերենով է եղել։ Զելենսկին նշել է, որ այսօրվա դրությամբ Ուկրաինան Ռուսաստանից պատասխան չի ստացել հրադադարի մասին փաստաթղթի վերաբերյալ, որը Կիևը Մոսկվային էր փոխանցել բանակցություններից առաջ։
Զելենսկին նշել է, որ ռուսական հուշագրի առաջին կետը «վերջնագիր» է, քանի որ ռուսները պահանջում են բոլոր օկուպացված տարածքների միջազգային ճանաչում և զորքերի դուրսբերում դրանցից։
«Սա անկասկած հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, հակասում է առողջ բանականությանը և Ուկրաինայի Սահմանադրությանը։ Ի դեպ, նրանք գիտեն դրա մասին։ Սա Պուտինի համար այս պատերազմի համար ամենամեծ պարգևի պահանջ է»,-նշել է նա:
Ուկրաինայի նախագահը նաև մեկնաբանել է ռուսական հուշագրի երկրորդ կետը՝ չեզոքությունը և ռազմական միավորումներին, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ին չմիանալու պահանջը։ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 2014 թվականին, երբ Կիևն ուներ «արտադաշինքային կարգավիճակ»։
«Այսինքն՝ նրանք սկսել են մեզ գրավել այն ժամանակ, երբ մենք ունեինք չեզոք կարգավիճակ։ Կրկին, այսինքն՝ այստեղ խոսելու բան չկա»,-ասել է նա: