Ռուս-իրանական հարաբերությունները լրացուցիչ դինամիկա են ձեռք բերել. Պուտին
Պետք է նշեմ, որ վերջին տարիներին ռուս-իրանական բարեկամական հարաբերությունները լրացուցիչ դինամիկա են ձեռք բերել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք գնահատում ենք, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը մնում է առաջնահերթություն նաև Իրանի նոր նախագահի համար; Սպասում ենք նրան BRICS-ի գագաթնաժողովին: Կարծում եմ՝ մենք ժամանակ կգտնենք նաև առանձին երկկողմ զրույցի համար, որի շրջանակներում կստորագրենք նոր մեծ միջպետական պայմանագիր, որը կոչված է ամրագրելու ռուս-իրանական հարաբերությունների ելքը ռազմավարական գործընկերության մակարդակի», - հավելել է Պուտինը։
ՌԴ նախագահը ընդգծել է՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը դրական ուղղությամբ է ընթացել, այն աճել է գրեթե 10 տոկոսով։
Նա նաև հավելել է, որ առաջնահերթ ծրագրերի թվում է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացումը․ «Եվս մեկ անգամ վերահաստատում եմ հետաքրքրությունս այս մեծ նախագծի իրականացման հարցում», - ընդգծել է ՌԴ նախագահը։