երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Ռումինիայի նախագահի ընտրության առաջին փուլում հաղթել է ծայրահեղ աջ քաղաքական գործիչը

Ռումինիայի նախագահի ընտրության առաջին փուլում հաղթել է ծայրահեղ աջ քաղաքական գործիչը

Ռումինիայում  նախագահի կրկնակի ընտրության առաջին փուլում հաղթող է ճանաչվել աջ ծայրահեղական «Դաշինք հանուն ռումինացիների միավորման» (AUR) կուսակցության եվրասկեպտիկ առաջնորդ Ջորջե Սիմիոնը։ Պաշտոնական տվյալներով՝ նրա օգտին քվեարկել է ընտրողների 40.96%-ը։

«Ռումինիայի փրկության միության» հիմնադիր, Բուխարեստի քաղաքապետ Նիկուշոր Դանը ստացել է ձայների 20.99%-ը, «Ռումինիա, առաջ» ձախ կենտրոնամետ կոալիցիայի թեկնածու Կրին Անտոնեսկուն՝ 20.09%։

Թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների 50%-ից ավելին, և մայիսի 18-ին նշանակված ընտրության երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար կպայքարեն Սիմիոնն ու Նիկուշորը։

Ռումինական սփյուռքի մի մասը մեծ աջակցություն է հայտնել Սիմիոնին: Իտալիայում և Իսպանիայում քվեարկող ռումինացիների 77% և 80%-ը աջակցել է AUR կուսակցության առաջնորդին։

2024 թվականի դեկտեմբերին Ռումինիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել նախագահի ընտրության արդյունքները, երբ հետախուզական ծառայությունները պարզել են, որ ծայրահեղ աջ թեկնածու Ջորջեսկուի քարոզարշավում խախտումներ են արձանագրվել, նախընտրական գործընթացն ուղեկցվել է ռուսական հիբրիդային հարձակումներով, ներառյալ՝ կիբեռհարձակումները և տեղեկատվության արտահոսքերը։

Ի դեպ, Ջորջե Սիմիոնն էլ 2011 թվականից ի վեր Ուկրաինայում և Մոլդովայում հայտարարվել է անցանկալի անձ՝ Ռուսաստանի հետախուզական ծառայությունների հետ կապերի մեղադրանքով։

  • Կիսվել: