երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ՌԴ Պետդումայում կոչ են արել «Հարավային Կովկասում տրորել Թուրքիայի քիթը»

ՌԴ Պետդումայում կոչ են արել «Հարավային Կովկասում տրորել Թուրքիայի քիթը»

ՌԴ պետդումայի պաշտպանական հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Շերինը մեկնաբանել է ԼՂ հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածությունը՝ նշելով, որ եթե ռուսական կողմն այս առնչությամբ այժմ պատշաճ քայլեր չձեռնարկի, ապա ՆԱՏՕ-Ն անհապաղ Կովկասի միջոցով Ռուսաստանում իրավիճակի սասանման նոր փորձեր կձեռնարկի, գրում է politexpert.net կայքը։

Մեկնաբանելով Թուրքիայի վերջերս ցուցաբերած վարքագիծը՝ Շերինը նշել է, որ Անկարան պարզապես փորձում է վերադարձնել Կովկասը, իսկ «Ռուսաստանը և ամբողջ աշխարհն այժմ զբաղվում են նրան հանդարտեցնելու քաղաքականությամբ»։

«Մենք որևէ հակամարտության չմիջամտելու համար բազմաթիվ պատճառներ ենք գտնում: Մտածում ենք, թե Էրդողանը կկատաղի ու հետո կհանգստանա: Սակայն Թուրքիայի՝ առանց պատշաճ պատասխանի մնացած ցանկացած գործողություն ամրապնդում է Էրդողանի վստահությունն առ այն, որ նա ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ունի, որ իր բանակն Օսմանյան կայսրության երբեմնի կորցրած տարածքները կարող է վերադարձնել: Փոքր քայլերով նա ստուգում է միջազգային հանրության արձագանքն իր գործողություններին: Թուրքիայի հետ բոլոր մեղմ հարաբերությունները ոչ թե որպես դիվանագիտական մշակույթ, այլ թուլության դրսևորում են ընկալվում: Իսկ հետո շատ ավելի վատ կլինի»,- նշել է Շերինը։ 

Պատգամավորը նաև հիշեցրել է Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին և զգուշացրել, որ պատշաճ արձագանքի բացակայության դեպքում շուտով Ադրբեջանում կհայտվի թուրքական ռազմակայան, կարելի է ասել՝ ՆԱՏՕ-ի ռազմակայան։  

«Այսինքն՝ ՆԱՏՕ-ն հայտնվելու է Կասպից ծովում, որն այժմ միակ ծովն է, որտեղ հյուսիսատլանտյան դաշինքի նավեր և զորքեր դեռ չկան: Եվ սա երկու ուղղություններից՝ Սև և Կասպից ծովերից ելք է դեպի տարածաշրջան, ինչպես նաև Կովկասի միջոցով Ռուսաստանում իրավիճակի սասանման նոր փորձ»,- մեկնաբանել է Շերինը:

  • Կիսվել: