Քիթ Քելոգը Բելառուսում կհանդիպի Լուկաշենկոյի հետ. Reuters
ԱՄՆ նախագահի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգն առաջիկա օրերին կմեկնի Բելառուս՝ հանդիպելու այդ երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով հարցին ծանոթ չորս անձի։
Այցի հստակ օրակարգը պարզ չէ, սակայն Քելոգն առաջիկա հանդիպումը ներկայացրել է որպես քայլ, որը կարող է օգնել Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների մեկնարկին, հայտնել են գործակալության զրուցակիցները:
Եթե այցը կայանա, ապա Քելոգը կդառնա վերջին տարիներին Բելառուս այցելած ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան: 2020 թվականին՝ Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում, Մինսկ էր այցելել պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Այն ժամանակ դա վերջին 20 տարվա ընթացքում ԱՄՆ ամենաբարձր մակարդակի ներկայացուցչի առաջին այցն էր Բելառուս։
Reuters-ը նաև նշել է, որ նման ուղևորությունների պլանավորումը պահանջում է մանրակրկիտ քննարկում, ուստի այն կարող է չեղարկվել կամ փոփոխվել վերջին պահին: ԱՄՆ պետքարտուղարությունը և Վաշինգտոնում Բելառուսի դեսպանատունը հրաժարվել են մեկնաբանություններից: Քիթ Քելոգը և Սպիտակ տունը չեն պատասխանել Reuters-ի հարցումներին: