հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Քաբուլի օդանավակայանում քաոսային իրավիճակ է

Քաբուլի օդանավակայանում քաոսային իրավիճակ է

Թալիբները գրավում են Աֆղանստանը, նախկին նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրը՝ բացատրելով, որ նման քայլի է դիմել արյունահեղությունից խուսափելու համար: Oտարերկրյա մի շարք պետություններ շտապ տարհանում են իրենց քաղաքացիներին և դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատակիցներին` հաղորդում է РИА Новости-ն:

Պենտագոնը լրացուցիչ 1000 զինծառայող է ուղարկել Աֆղանստան: Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանում քաոս է սկսվել, հազարավոր աֆղանցիներ փորձում էին ինքնաթիռներ նստել երկրից հեռանալու համար: Օդանավակայանը հսկում են ամերիկացի զինվորականները, որոնք  նախազգուշական կրակ են բացել աֆղանցիների ուղղությամբ, կան զոհեր: Թալիբների հարձակման սկզբից 550,000 աֆղանցիներ ստիպված հեռացել են իրենց տներից:

Գիշերը Քաբուլում կրակոցներ են հնչել: 80 մարդ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Քաղաքում գործում է պարետային ժամ:

ՄԱԿ-ը զգուշացնում է մոտալուտ հումանիտար աղետի մասին: Աֆղանստանում ստեղծված իրավիճակը կքննարկվի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում: Ավելի քան 60 երկիր կոչ է արել ապահովել Աֆղանստանից օտարերկրացիների անվտանգ հեռացումը, անհապաղ վերականգնել անվտանգությունն ու քաղաքացիական կարգը երկրում, միաժամանակ պատրաստակամություն են հայտնել օգնել աֆղանցիներին ապահով և արժանապատիվ ապրելու համար:

  • Կիսվել: