ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Պետդուման հաստատել է միջուկային պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու մասին Պուտինի առաջարկը

Պետդուման հաստատել է միջուկային պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու մասին Պուտինի առաջարկը

Ռուսաստանի Պետդուման նիստի ժամանակ միաձայն ընդունել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու մասին օրենքը։

Փաստաթուղթը Պետդումա է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Օրենքի նախագծի համաձայն՝ ՌԴ մասնակցությունը կասեցված է. պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը վերսկսելու որոշումը կկայացնի ՌԴ նախագահը։ Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել էր, որ Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին։ Բացի այդ, նա հանձնարարել էր Պաշտպանության նախարարությանը և «Ռոսատոմ»-ին ապահովել պատրաստվածությունը ռուսական միջուկային զենքի փորձարկմանը։ 

Ինչպես պարզաբանել էր Պուտինը, ՆԱՏՕ-ն Ռուսաստանից պահանջում է վերադառնալ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին, ներառյալ ռուսական օբյեկտներ արևմտյան փորձագետների ընդունումը, բայց դա «ներկայիս պայմաններում» «աբսուրդի թատրոն է»։

«Նրանք ցանկանում են ստուգել մեր պաշտպանական օբյեկտները: Դա անհեթեթություն է», - ասել էր Պուտինը: 

Այս պայմաններում, ինչպես ասել է Պուտինը, Ռուսաստանը ստիպված է դադարեցնել իր մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին։

«Ռուսաստանը պայմանագրից դուրս չի գալիս, ո՛չ, այլ կասեցնում է իր մասնակցությունը»,- ընդգծլ է նա։

«ՊՆ-ն և «Ռոսատոմ»-ն այժմ պետք է ապահովեն պատրաստվածություն ռուսական միջուկային զենքի փորձարկման համար», հավելել է Պուտինը։ Միաժամանակ նա խոստացել է, որ «իհարկե, Ռուսաստանն առաջինը դա չի անելու դա։

«Բայց եթե ԱՄՆ-ն փորձարկի, մենք նույնպես կփորձարկենք»,- եզրափակել է ՌԴ նախագահը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Պուտինի հայտարարությունը, ասել է, որ Ռուսաստանի նման որոշումը կքանդի սպառազինությունների վերահսկման ամբողջ ճարտարապետությունը։

  • Կիսվել: