երեքշաբթի, նոյեմբեր 17
17 / 11 / 2026
Կյանքից հեռացել է մեքսիկական մաֆիայի «բոսսերի բոսս» հռչակված Ֆելիքս Գալյարդոն, որը դարձել էր Netflix-ի սերիալի հերոս

Կյանքից հեռացել է մեքսիկական մաֆիայի «բոսսերի բոսս» հռչակված Ֆելիքս Գալյարդոն, որը դարձել էր Netflix-ի սերիալի հերոս

Մեքսիկայում 80 տարեկան հասակում մահացել է Միգել Անխել Ֆելիքս Գալյարդոն՝ պատմության մեջ խոշորագույն նարկոառևտրականներից մեկը, որը հայտնի էր «կնքահայր» և «բոսսերի բոսս» մականուններով։ Նա մահացել է Գվադալախարա քաղաքի հիվանդանոցում։

Գալյարդոն գլխավորում էր Գվադալախարայի կարտելը, որը վերահսկում էր Մեքսիկայում թմրավաճառության զգալի մասը 1980-ականների կոկաինային բումի ժամանակ։ Նա համագործակցություն էր հաստատել կոլումբիական կարտելների, առաջին հերթին՝ Պաբլո Էսկոբարի Մեդելյինի կարտելի հետ։ Կոլումբիացիները զբաղվում էին կոկաինի արտադրությամբ, իսկ մեքսիկացիներն ապահովում էին դրա առաքումն ԱՄՆ։

Սխեման գործում էր այնքան հաջող, որ ինչ-որ պահի Էսկոբարի կարտելի կոկաինը զբաղեցնում էր ամերիկյան շուկայի մինչև 80%-ը։ Այդ տարիներին Գվադալախարայի կարտելի վերահսկողության տակ էին գտնվում ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ և նահանգների ամբողջական վարչակազմեր։

Գալյարդոյի ենթականերից մեկը Խոակին «Էլ Չապո» Գուսմանն էր։ Նա կարտելում պատասխանատու էր լոգիստիկայի համար, իսկ ավելի ուշ ստեղծեց իր սեփական «Սինալոա» խմբավորումը և դարձավ աշխարհի ամենահայտնի նարկոբարոններից մեկը։ 2019 թվականին Գուսմանը դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ թմրավաճառության և փողերի լվացման մեղադրանքներով։

Գալյարդոյի նարկոկայսրությունը սկսեց փլուզվել 1985 թվականին՝ ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) գործակալ Էնրիկե «Կիկի» Կամարենայի առևանգումից և սպանությունից հետո։ Այս սպանությունը հիմք դրեց Հյուսիսային Ամերիկայում հանցագործների հետախուզման խոշորագույն գործողություններից մեկին։

1989 թվականին Ֆելիքս Գալյարդոյին ձերբակալեցին, և այդ ժամանակվանից նա գտնվում էր կալանքի տակ։ 2022 թվականին առողջական վիճակի պատճառով նրան թույլատրեցին մեղմացնել պահման պայմանները և անցնել տնային կալանքի, սակայն տեղափոխմանը խանգարեցին էլեկտրոնային թևնոցի հետ կապված տեխնիկական խնդիրները։

Գալյարդոյի պատմությունը հիմք է դարձել մի քանի էկրանավորումների համար, ներառյալ Netflix-ի «Նարկո․ Մեքսիկա» սերիալը, նշում է «Բի-բի-սի»-ն։

  • Կիսվել: