կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պակիստանի նախկին վարչապետը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ պետական գաղտնիքներ բացահայտելու համար

Պակիստանի նախկին վարչապետը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ պետական գաղտնիքներ բացահայտելու համար

Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը և նրա տեղակալներից մեկը դատապարտվել են յուրաքանչյուրը 10 տարվա ազատազրկման։ Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել պետական գաղտնիքներ բացահայտելու մեջ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press-ի հրապարակումը։

 

Խանը, որին 2022 թ․ ապրիլին անվստահություն էին հայտնել և հեռացրել իշխանությունից, այժմ բանտում է․ նա 3 տարով ազատազրկման է դատապարտված կոռուպցիայի գործով։

 

Իմրան Խանի նկատմամբ վերջին դատավճիռը տեղի է ունենում փետրվարին նախատեսվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Չնայած նախկին վարչապետին արգելվել է առաջադրվել այդ ընտրություններում քրեական գործով դատապարտված լինելու համար, այնուամենայնիվ, նա երկրում մնում է ազդեցիկ քաղաքական ուժ։ 2023 թ․ մայիսին Իմրան Խանի ձերբակալությունից ի վեր Պակիստանում ցույցեր են տեղի ունենում։

Ըստ վերջին մեղադրանքի՝ վարչապետի պաշտոնից հեռացվելուց հետո տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Խանը գաղտնի փաստաթուղթ է ցույց տվել՝ պնդելով, որ դա ապացույց է, որ իրեն սպառնում են, և որ իր պաշտոնանկությունը ԱՄՆ-ի կազմակերպած դավադրություն է՝ իրագործված Պակիստանի զինվորականների և կառավարության կողմից: Վաշինգտոնի և Պակիստանի պաշտոնյաները հերքել են այդ պնդումը:

Associated Press-ը նշում է, որ այդ փաստաթուղթը չի հանրայնացվել, սակայն, ակնհայտորեն, դա եղել է դիվանագիտական նամակագրություն Վաշինգտոնում Պակիստանի դեսպանի և Իսլամաբադում արտգործնախարարության միջև։

  • Կիսվել: