Օրբանը Զելենսկիին կոչ է արել դադարեցնել կրակը՝ Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու համար
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին դիտարկել հրադադարի հնարավորությունը՝ Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը արագացնելու համար։
«Մենք շատ բարձր ենք գնահատում խաղաղության հասնելու՝ նախագահ Զելենսկու բոլոր նախաձեռնությունները։ Այս նախաձեռնությունները երկար են տևում միջազգային դիվանագիտության կանոններով և շատ բարդ են։ Ես խնդրեցի պարոն նախագահին մտածել այն մասին, թե արդյոք հնարավոր կլինի մի փոքր այլ ճանապարհով գնալ, դադարեցնել կրակը և հետո շարունակել բանակցությունները», - ասել է Օրբանը՝ Կիևում Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Մինչ այդ, Զելենսկու Telegram ալիքում հայտնվել էր երկու առաջնորդների բանակցությունների տեսագրությունը, որում Օրբանն Ուկրաինայի նախագահին ասում է, որ ցանկանում է լսել «խաղաղության հնարավորությունների ձեր տեսլականը»։ Ավելի ուշ, Զելենսկին ասաց, որ ինքը և Հունգարիայի վարչապետը կքննարկեն «ինչպես մոտեցնել արդար և տեւական խաղաղությունը»։
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ Կիևը բարձր է գնահատում Օրբանի այցը՝ ԵՄ-ում Հունգարիայի նախագահության ժամանակ։ «Սա հստակ ազդանշան է մեր ընդհանուր եվրոպական առաջնահերթությունների մասին, թե որքան կարևոր է Ուկրաինայում խաղաղության հասնելը», - ընդգծել է Զելենսկին։
Վիկտոր Օրբանը հուլիսի 2-ին առաջին անգամ թռավ Կիև՝ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո: Հունգարիայի կառավարության խոսնակ Բերտալան Հավասին այցից առաջ ասել է, որ Զելենսկու հետ Օրբանի բանակցությունների հիմնական թեման կլինի «խաղաղության հասնելու հնարավորությունը»։