շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Օրբանի դաշինքը բավարար ներկայացվածություն է ստացել Եվրախորհրդարանում խմբի կարգավիճակ ստանալու համար

Օրբանի դաշինքը բավարար ներկայացվածություն է ստացել Եվրախորհրդարանում խմբի կարգավիճակ ստանալու համար

Եվրախորհրդարանում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած նոր դաշինքին միացել են Դանիայի ժողովրդական կուսակցությունը և ֆլամանդական ազգայնական «Vlaams Belang» («Ֆլամանդական շահ») կուսակցությունը, ինչը թույլ է տալիս  խմբային կարգավիճակ ստանալ Եվրախորհրդարանում, հայտնում է AFP-ն։

Հունիսի վերջին Օրբանը Ավստրիայի ծայրահեղ աջ Ազատություն կուսակցության (FPOe) և Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշի կենտրոնամետ ANO-ի հետ միասին հայտարարեց «Հայրենասերների դաշինք» անունով ԵՄ նոր խորհրդարանական խումբ ստեղծելու իր մտադրության մասին՝ խոստանալով «նոր դարաշրջան», որը «կփոխի եվրոպական քաղաքականությունը»։

Այն բանից հետո, երբ շաբաթ օրը Դանիայի ժողովրդական կուսակցությունը և «Vlaams Belang»-ը հայտարարեցին իրենց անդամակցության մասին,  «Հայրենասերների դաշինք»-ը հաղթահարեց Եվրախորհրդարանում խմբի կարգավիճակի շեմը՝ 23 պատգամավոր յոթ երկրից:

Ավելի վաղ Օրբանի դաշինքին միացել էին Գերտ Վիլդերսի հոլանդական Ազատության կուսակցությունը (PVV), պորտուգալական ծայրահեղ աջ «Chega» («Բավական է») կուսակցությունը  և իսպանական Vox-ը:

Օրբանը հայտարարել է, որ կողմերը կհանդիպեն երկուշաբթի օրը Բրյուսելում: Մինչ այդ Օրբանը կտեղեկանա, թե արդյո՞ք Ֆրանսիայի «Ազգային միավորումը» որոշել է միանալ իր դաշինքին Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլից հետո։

Եթե «​​Ազգային միավորումը» որոշի միանալ «Հայրենասերների դաշինքին», ապա այն կդառնա ամենամեծ քաղաքական ուժը Եվրախորհրդարանի 30 պատգամավորից բաղկացած խմբում։

Նոր շարժման նկատմամբ հետաքրքրություն է հայտնել նաև իտալական «Լիգան»՝ Մատեո Սալվինիի գլխավորությամբ, սակայն դեռ չի հաստատել իր մասնակցությունը։

  • Կիսվել: