երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանում հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է

Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանում հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է

Ղազախստանում իրավիճակը կայունանում է, սակայն զինյալները զենքերը վայր չեն դրել, հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է, հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ –Ժոմարտ Տոկաևը։

Նա ուղերձով է դիմել բնակչությանը և տեղեկացրել, որ իրավապահներին ու զինվորականներին հրահանգել է կրակել՝ առանց նախազգուշացման։

«Հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է, զինյալները վայր չեն դրել զենքերը, շարունակում են հանցագործություններ կատարել կամ պատրաստվում են դրան։ Նրանց դեմ պայքարը պետք է ավարտին հասցնել։ Ով չհանձնվի, կոչնչացվի»,- ասել է Տոկաևը։ Ղազախստանի նախագահն անդրադարձել է նաև կողմերի միջև երկխոսություն սկսելու՝ դրսից հնչող կոչերին։

«Արտասահմանից կողմերին կոչ են անում բանակցություններ վարել՝ խնդիրները խաղաղ կարգավորելու համար։ Ինչպիսի հիմարություն։ Ի՞նչ բանակցություններ կարող են լինել հանցագործների, մարդասպանների հետ։ Մենք գործ ունենք զինված ու պատրաստված ավազակների հետ»,- ասել է նա։

Տոկաևը հավելել է, որ խոսք է գնում ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա հանցագործների մասին։

«Այդ պատճառով նրանց պետք է ոչնչացնել, և դա կիրականացվի մոտ ժամանակներս։ Իրավապահ մարմինները պատրաստ են իրականացնել այդ խնդիրը»,- հայտարարել է Ղազախստանի նախագահը։

Կասիմ –Ժոմարտ Տոկաևը հայտարարել է նաև, որ պետությունը թերացել է ընդհատակում գործող ահաբեկչական խմբավորումներին հայտնաբերելու հարցում, այս առնչությամբ կառավարությունը պետք է մի շարք որոշումներ ընդունի, որոնց մասին Ղազախստանի նախագահը կհայտնի հունվարի 11-ին։

Տոկաևի խոսքով՝ երկրում իրավակարգի խաթարմանը նպաստել են նաև զանգվածային լրատվության այսպես կոչված՝ ազատ միջոցներն ու Ղազախստանի հիմնարար շահերից հեռու կանգնած արտասահամանցի գործիչները։

«Առանց չափազանցության կարելի է ասել, որ բոլոր այդ անպատասխանատու դեմագոգները Ղազախստանում ողբերգության ծավալման մեղսակիցներն են»,- ասել է Տոկաևը։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևն անդրադարձել է նաև ՀԱՊԿ ուժերի ներկայությանը Ղազախստանում, նշել է, որ կազմակերպության խաղաղարար առաքելությունը կարճ ժամանակով է ժամանել Ղազախստան։

Նա շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին՝ Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկելու համար։ Տոկաևը հատուկ երախտագիտություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ օգնության խնդրանքին օպերատիվորեն, «ընկերական և ջերմ» արձագանքելու համար։

  • Կիսվել: