Firebird-ի ստեղծողները նմանատիպ նախագիծ են սկսում Ղազախստանում
Firebird ընկերությունը, որը Հրազդանում կառուցում է տարածաշրջանում արհեստական ինտելեկտի համար տվյալների մշակման խոշորագույն կենտրոնը, նախատեսում է նմանատիպ նախագիծ իրականացնել Ղազախստանում:
Ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ ապագա ղազախական տվյալների մշակման կենտրոնի հզորությունը կկազմի մոտ 50 հազար GPU, ինչը համադրելի է հայկական նախագծի առաջին երկու փուլերի հետ: Ներդրումների ծավալը գնահատվում է մոտ 5 մլրդ դոլար։
Հայաստանում արդեն հուլիսի կեսերին սպասվում է կենտրոնի առաջին փուլի մեկնարկը՝ 6144 գրաֆիկական պրոցեսորներով:
2027 թվականի առաջին կեսին ենթակառուցվածքը նախատեսվում է ընդլայնել ևս 42 հազար GPU-ով, իսկ հաջորդ փուլում դիտարկվում է լրացուցիչ մոտ 60 հազար պրոցեսորների տեղադրման հնարավորությունը։
Եսայանը նշել է, որ նախագիծը Ղազախստանում կիրականացվի պետական Alem.ai նախաձեռնությունից առանձին: Այնուամենայնիվ, Firebird-ը մտադիր է համագործակցել այս պլատֆորմի հետ:
Նրա խոսքով՝ հայկական կենտրոնի կառուցման ընթացքում ձեռք բերված փորձը կարող է օգտագործվել նաև արտերկրում, իսկ ինժեներական աշխատանքների մի մասը կարող են կատարել հայկական ընկերությունների մասնագետները:
Բացի Ղազախստանից, Firebird-ը բանակցություններ է վարում նմանատիպ տվյալների կենտրոնների կառուցման շուրջ ևս յոթ երկրների հետ ինչպես հետխորհրդային տարածքում, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս:
Ընկերությունը գրանցված է ԱՄՆ-ում, սակայն նրա հիմնադիրներն են Հայաստանի եւ Սփյուռքի ձեռներեցները, այդ թվում՝ NVIDIA-ի փոխնախագահ Ռեւ Լեբարեդյանը:


