երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ո՞վ կարող է Թուրքիայի նախագահի պաշտոնում փոխարինել Էրդողանին

Ո՞վ կարող է Թուրքիայի նախագահի պաշտոնում փոխարինել Էրդողանին

Թուրքիայում օրըստօրե խորացող տնտեսական խնդիրները կրկին քաղաքական օրակարգ են բերում արտահերթ ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջը։ Չնայած Թուրքիայում իշխող կոալիցիան՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելիի գլխավորությամբ, պնդում է, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու՝ ԱԶԿ-ի ներսում քաղաքական խմորումներ են ընթանում։

Այս մասին գրում է Euronews-ի լրագրող Դիլեք Գյուլը՝ վկայակոչելով ԱԶԿ-ի ներսում գտնվող իր աղբյուրները։ Հոդվածում նշվում է, որ ԱԶԿ-ում ուժային կենտրոններ են ձևավորվել և որքան ընտրությունները մոտենում են, այնքան այդ կենտրոնների միջև պայքարը թեժանում է։

Ըստ Դիլեք Գյուլի՝ որպես «հետէրդողանական» Թուրքիայի ԱԶԿ-ական առաջնորդներ մատնանշվում են Թուրքիայի նախկին վարչապետ, Էրդողանի հավատարիմ ընկեր Բինալի Յըլդըրըմը, ԱԶԿ փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը, արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը, Էրդողանի որդու մտերիմ Էրքան Քանդեմիրը, ներքին գործերի նախկին նախարար Էֆքան Ալայը և ներքին գործերի գործող նախարար Սուլեյման Սոյլուն։

Նշենք, սակայն, որ վերջերս «Foreign Policy» ամսագրում տեղ գտած վերլուծական հոդվածում, Թուրքիայի նախագահի պաշտոնի համար ԱԶԿ-ից առաջադրվելիք հավանական թեկնածուներ էին համարվել Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և հետո նոր միայն ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Ընդ որում՝ շեշտվել էր, որ Սոյլուի վարկանիշը հանցավոր աշխարհի հետ ունեցած նրա կապերի բացահայտման հետևանքով բավականին նվազել է։

  • Կիսվել: