Մոսկվան կոչ է անում Թուրքիային զսպվածություն դրսևորել Սիրիայում
«Մոսկվան կոչ է անում Անկարային զսպվածություն դրսևորել սիրիական տարածքին հասցված հարվածների լույսի ներքո և թույլ չտալ, որ լարվածությունը սրվի»,- ասել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը։
«Մենք կոչ կանենք մեր թուրք գործընկերներին ցուցաբերել որոշակի զսպվածություն՝ կանխելու լարվածության աճը ոչ միայն Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում, այլև ողջ տարածքում»,- ասել է Լավրենտևը Աստանայում սիրիական կարգավորման շուրջ բանակցությունների 19-րդ փուլի մեկնարկին։
Նրա խոսքով, այս հարցում պետք է շարունակել աշխատանքը բոլոր շահագրգիռ կողմերի հետ, և պետք է փորձ արվի խաղաղ լուծում գտնել «քրդական հարցում»։
Լավրենտևը նշել է, որ Թուրքիան նախապես չի տեղեկացրել Ռուսաստանի Դաշնությանը Սիրիայում և Իրաքում օդային գործողության մասին, այս հարցը կքննարկվի Աստանայում Սիրիայի հարցով հանդիպման ժամանակ։
«Մենք հույս ունենք համոզել մեր թուրք գործընկերներին ձեռնպահ մնալ Սիրիայի տարածքում ավելորդ ուժ կիրառելուց»,- ասել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը։


