Մոդին և Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են Պահալգամի ահաբեկչական հարձակումը
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցում քննարկել է ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի նահանգի Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։ Այս մասին X սոցիալական հարթակում գրառում է կատարել Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը։
Պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանի առաջնորդը խորին ցավակցություն է հայտնել անմեղ կյանքերի կորստի կապակցությամբ և լիակատար աջակցություն հայտնել Հնդկաստանին ահաբեկչության դեմ պայքարում։ Պուտինն ընդգծել է, որ նողկալի հարձակման մեղավորները և նրանց աջակցողները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Ռուսաստանի ղեկավարը նաև «խստորեն դատապարտել է Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը»։
Հեռախոսազրույցի ընթացքում երկու առաջնորդները հաստատել են Ռուսաստանի և Հնդկաստանի միջև գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդմանն իրենց հանձնառությունը։
Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Պուտինին Հաղթանակի օրվա 80-ամյակի կապակցությամբ և հրավիրել նրան այս տարի Հնդկաստանում կայանալիք ամենամյա գագաթնաժողովին։
Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի նահանգի Պահալգամ քաղաքի մոտակայքում ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 22-ին։ Զոհվել է 26 մարդ։