Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել «Ռոսնեֆտ»-ի ու «Լուկօյլ»-ի դեմ
Մեծ Բրիտանիայի Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ընդլայնում է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ ավելացնելով 35 ընկերություն և հինգ ֆիզիկական անձի։ Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նշվում է, որ սահմանափակումները վերաբերում են «Ռոսնեֆտ»-ին և «Լուկօյլ»-ին, ինչպես նաև դրանց հետ կապված կազմակերպություններին Չինաստանում, Հնդկաստանում և ԱՄԷ-ում։
Բոլոր կազմակերպություններին սպառնում է ակտիվների սառեցում և վստահության ծառայություններ մատուցելու արգելք։ Նոր պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի, այսպես կոչված, «ստվերային նավատորմին» պատկանող 51 նավերի, ինչպես նաև տարբեր ոլորտների, այդ թվում՝ էներգետիկայի և պաշտպանության ոլորտների անհատների և կազմակերպությունների դեմ: Այս եզրույթը վերաբերում է հին լցանավերի ցանցին, որոնք, ըստ պաշտոնյաների, օգտագործվում են ռուսական նավթի դեմ պատժամիջոցները շրջանցելու համար։
Բացի այդ, «Ռոսնեֆտի» արտասահմանյան գործընկերները նույնպես պատժամիջոցների տակ են հայտնվել՝ Հնդկաստանի Nayara Energy Limited-ը, ԱՄԷ-ում գրանցված Novus Energy DMCC-ն, Wissol Commodities FZCO-ն և Alghaf Marine DMCC-ն։ Այս ընկերությունները մասնակցել են ռուսական նավթի փոխադրմանը և առևտրին՝ դրանով իսկ ճանաչվելով որպես Ռուսաստանի հետ համագործակցությունից օգուտ քաղող կազմակերպություններ։


