Մեծ Բրիտանիան դիվանագետների ընտանիքներին դուրս է բերել Թել Ավիվից և Երուսաղեմից
Մեծ Բրիտանիայի կառավարությունն Իսրայելից դուրս է բերել Թել Ավիվի դեսպանությունում և Երուսաղեմի հյուպատոսությունում աշխատող դիվանագետների ընտանիքներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Թել Ավիվում Մեծ Բրիտանիայի դեսպանության և Երուսաղեմում բրիտանական հյուպատոսության անձնակազմերի ընտանիքների անդամները ժամանակավորապես հետ են կանչվել՝ որպես նախազգուշական միջոց: Դեսպանությունը և հյուպատոսությունը շարունակում են կատարել անհրաժեշտ աշխատանքը, այդ թվում՝ ծառայություններ մատուցել Բրիտանիայի քաղաքացիներին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Իսրայելն հունիսի 13-ին հարվածներ է հասցրել Իրանին՝ հայտարարելով, որ թիրախավորում է Իրանի միջուկային ծրագիրը և բալիստիկ հրթիռների ծրագիրը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել։ Կողմերի միջև արդեն վեց օր է՝ փոխադարձ հարվածները շարունակվում են։ Իրանը զոհերի պաշտոնական թիվ է հայտնել հունիսի 16-ին՝ նշելով 224 զոհի մասին, որոնց թվում կան 45 կին և երեխա։ Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից 24 զոհի մասին։