կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՄԱԿ-ը Գազայի հյուսիս օգնություն է մատակարարել ցամաքային նոր ուղիով

ՄԱԿ-ը Գազայի հյուսիս օգնություն է մատակարարել ցամաքային նոր ուղիով

 ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայի հատվածի հյուսիս վերջին երեք շաբաթվա ընթացքում առաջին անգամ սնունդ մատակարարելու համար օգտագործվել է ցամաքային նոր ճանապարհ։  Այս մասին հաղորդում է BBC-ն։

Իսրայելի զինվորականները հայտնել են, որ Պարենի համաշխարհային ծրագրի վեց բեռնատարներ անցել են Գազայի սահմանային դարպասներից մեկով։ Ըստ ՄԱԿ-ի՝ Պարենի համաշխարհային ծրագրի ավտոշարասյունն օգտագործել է իսրայելցիների զինվորական ճանապարհը, որն անցնում է Գազայի սահմանային ցանկապատի երկայնքով։ Ավտոշարասյունը Գազա քաղաք է հասցրել սնունդ 25 000 մարդու համար։

Բեռնատարները նախապես ստուգվել են իսրայելցի զինվորականների կողմից։

Իսկ Կիպրոսից մարտի 12-ին դուրս է եկել 200 տոննա սննդով բեռնված նավ, որով բացվում է պաղեստինյան տարածք հումանիտար օգնություն հասցնելու նոր ծովային միջանցք։ Նավը Գազայի հատված կհասնի մարտի 14-ին։ Այնուամենայնիվ, BBC-ն շեշտում է, որ օգնության մատակարարման ամենաարագ ուղին ցամաքային փոխադրումներն են։  

Ըստ ՄԱԿ-ի՝ Գազայի հատվածում առնվազն 576 000 մարդ՝ բնակչության մեկ քառորդը, սովամահության եզրին են։ Գազայի առողջապահական իշխանությունները հայտնել են, որ հիվանդանոցներում սովից և ջրազրկումից մահացել է առնվազն 27 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են։

Պաղեստինյան անկլավի առողջապահական իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում իսրայելական ուժերի ռազմական գործողության մեկնարկից ի վեր սպանված պաղեստինցիների թիվը մոտենում է 31 200-ի: Իսրայելը Գազայի հատվածում գործողություններ է սկսել այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով շուրջ 250-ին։

  • Կիսվել: