երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
ՄԱԿ-ում հայտնել են, որ անտառային հրդեհների ծուխը հանգեցնում է տարեկան 100 000 հավելյալ մահվան դեպքեր

ՄԱԿ-ում հայտնել են, որ անտառային հրդեհների ծուխը հանգեցնում է տարեկան 100 000 հավելյալ մահվան դեպքեր

Անտառային հրդեհների ծուխը 2010-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում հանգեցրել է տարեկան գրեթե 100 000 հավելյալ մահվան դեպքերի։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության (ՕՀԿ) տեղեկագրում:

Կազմակերպության տվյալներով՝ սաստիկ անտառային հրդեհների թիվն աճում է, ինչը հանգեցնում է առողջության համար լուրջ հետևանքների ծխի թունավորության պատճառով։

«1990-ական թվականներից ի վեր աշխարհում հրդեհների հետևանքով արտակարգ ծխի տարածման դեպքերի թիվը եռապատկվել է, ինչն, ըստ առկա գնահատումների,  հանգեցրել է տարեկան մոտ 100 000 հավելյալ մահերի 2010-2018 թթ. ընկած ժամանակահատվածում», – նշում են տեղեկագրի հեղինակները՝ հավելելով, որ իրական թվերը կարող են ավելի բարձր լինել։

Կազմակերպության փորձագետների տվյալներով՝ ռիսկերի գնահատման ստանդարտ մոդելները հաշվի չեն առնում ծխի թունավորության աստիճանը և թերագնահատում են դրա հետ կապված մինչև 93% մահացությունը։ ՕՀԿ-ում նաև նախազգուշացնում են, որ հրդեհների և շոգի հետևանքով աղտոտման աճը կարող է վերացնել օդի որակի բարելավման միջազգային ջանքերը։

Կազմակերպության տվյալներով՝ 2025 թվականին առողջության համար վտանգավոր PM2.5 մանրադիսպերս մասնիկների պարունակությունը գերազանցել է միջին մեծությունները Կանադայի հյուսիսում, Ռուսաստանի տարածքի մի մասում և Արևմտյան ու Կենտրոնական Աֆրիկայում: ՕՀԿ-ի փորձագետները դա կապում են հրդեհների թվի աճով: Անցյալ տարի խիստ աղտոտման ևս մեկ գոտի է դարձել Իսպանիայի հյուսիս-արևմուտքը:

  • Կիսվել: