կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լոնդոնում դատարանը սկսել է քննել Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու վերաբերյալ գործը

Լոնդոնում դատարանը սկսել է քննել Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու վերաբերյալ գործը

Լոնդոնի բարձր դատարանը սկսել է երկօրյա լսումներ, որոնց ընթացքում կորոշի՝ արդյոք WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կարող է շարունակել բրիտանական դատարաններում բողոքարկել իրեն ԱՄՆ-ին արտահանձնելու մասին որոշումը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

ԱՄՆ-ում դատախազները ցանկանում են 52-ամյա Ասանժին դատել 18 հոդվածներով՝ կապված WikiLeaks մեդիա կազմակերպության կողմից ռազմական և դիվանագիտական բնույթի գաղտնի փաստաթղթերի հրապարակման հետ։ Ըստ ամերիկյան կողմի՝ տվյալների արտահոսքը վտանգի տակ է դրել գործակալների կյանքը, և Ասանժի հանցագործությունը ոչ մի ներում չունի։ Իսկ Ասանժի պաշտպանները նրան անվանում են հերոս և լրագրող, որին հետապնդում են ԱՄՆ-ի կողմից թույլ տրված խախտումներն ի ցույց դնելու համար։

Ասանժի նկատմամբ դատավարությունները սկսվել են 2010 թվականին, որից հետո նա 7 տարի անցկացրել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը․ այնտեղից 2019 թվականին նրան դուրս էին բերել և բանտարկել՝ գրավի դիմաց արձակման պայմանները խախտելու համար։ Այդ ժամանակից ի վեր Ջուլիան Ասանժը գտնվում է Լոնդոնի խիստ հսկողության բանտերից մեկում։

2022 թվականին Բրիտանիան որոշում է ընդունել արտահանձնել նրան ԱՄՆ-ին։ Ասանժի փաստաբանները փորձում են բողոքարկել այդ որոշումը․ այս երկօրյա լսումները կարող են Ասանժի համար արտահանձնման որոշումը փոխելու վերջին հնարավորությունը լինել։

  • Կիսվել: