Լիբանանը Սիրիա է արտաքսել շուրջ 70 սիրիացի սպաների ու զինվորականների
Այսօր Լիբանանից վտարվել են մոտ 70 սիրիացի սպաներ և զինվորներ: Նրանք վերադարձվել են Սիրիա այն բանից հետո, երբ անօրինական մուտք են գործել երկիր ոչ պաշտոնական ճանապարհներով, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով լիբանանյան անվտանգության ներկայացուցչին։
Դեկտեմբերի 8-ին Ասադի վարչակարգի տապալումից հետո Սիրիայի շատ բարձրաստիճան պաշտոնյաներ և Բաշար ալ-Ասադի նախկին իշխող ընտանիքին մոտ կանգնած մարդիկ փախել են երկրից հարևան Լիբանան:
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը (SOHR), որը Լոնդոնում տեղակայված կազմակերպություն է և աղբյուրներ ունի Սիրիայում, ինչպես նաեւ Լիբանանի անվտանգության պաշտոնյան ասել են, որ տարբեր աստիճանի սիրիացի զինվորականները հետ են ուղարկվել հյուսիսային Լիբանանի Արիդա անցակետով:
Բացի այդ՝ SOHR-ը և անվտանգության աշխատակիցը հայտնել են նաեւ, որ վերադարձողները ձերբակալվել են Սիրիայի նոր իշխող իշխանությունների կողմից՝ սահմանը հատելուց հետո: