Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է շուրջ 300-ի
Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվն էսկալացիայի սկզբից ի վեր հասել է 294-ի, կա ավելի քան հազար վիրավոր, հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է Al Jazeera-ն:
Ավելի վաղ առողջապահության նախարար Ռաքյան Նասեր ադ-Դինը Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ զոհերի թիվը գերազանցել է 250-ը, վիրավորվել է ավելի քան 600 լիբանանցի:
Հիշեցնենք` մարտի 2–ի գիշերն Իսրայելը հայտարարել էր, թե «Հեզբոլլահ» շարժումը Լիբանանի տարածքից վեց հրթիռ է արձակել, ինչին ի պատասխան իսրայելական ավիացիան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել կազմակերպությանը երկրի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Բեյրութում։
Նույն օրը Լիբանանի կառավարությունն արգելել է «Հեզբոլլահի» ցանկացած ռազմական գործունեություն։ Շարժման ղեկավարությունը իշխանություններին մեղադրել է իսրայելական ագրեսիային դիմադրել չցանկանալու մեջ։


