Կուրսկի մարզի՝ Ուկրաինային սահմանակից երկու շրջաններում մարդիկ պարտադիր տարհանվելու են. նահանգապետ
ՌԴ Կուրսկի մարզի՝ Ուկրաինային սահմանակից Ռիլսկի և Խոմուտովսկի շրջաններում պարտադիր տարհանվելու են սահմանից 15 կիլոմետր հեռավորությամբ և ավելի մոտ գտնվող բնակավայրերի քաղաքացիները, հայտնել է շրջանի նահանգապետ Ալեքսեյ Սմիռնովը։
Իր հերթին ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Կուրսկի արևմուտքում գտնվող երկու բնակավայրի՝ Ուսպենովկա և Բորկի գյուղերի հանդեպ, որոնք գտնվում են Սուջայի տարբեր կողմերում։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տվյալով՝ ռազմական գործողությունները շարունակվում են, ռուսական ուժերը գրոհում են, ուկրաինական ուժերի հարձակումները հետ են մղվում: Այդ տարածքում մարտերը շարունակվում են օգոստոսի 6-ից, երբ Ուկրաինան հանկարծակի ներխուժեց Կուրսկի մարզ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունը տարածաշրջանում ընթանում է «ճիշտ այնպես, ինչպես նախատեսված էր»։