Կոպենհագենում ԱՄՆ դեսպանատան մոտ խոշոր ցույց է անցկացվել
Դանիացի հարյուրավոր վետերաններ, որոնցից շատերը կռվել են ամերիկացիների հետ կողք կողքի, այսօր լուռ բողոքի ակցիա են կազմակերպել Կոպենհագենում ԱՄՆ դեսպանատան մոտ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Գրենլանդիան բռնակցելու սպառնալիքների եւ իրենց մարտական ավանդը նսեմացնելու փորձի: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։
Նշվում է, որ դանիացի վետերանների եւ վետերանների աջակցության կազմակերպության հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Դանիան միշտ կանգնած է եղել ԱՄՆ-ի կողքին, մենք հայտնվել ենք աշխարհի ճգնաժամային գոտիներում, երբ Միացյալ Նահանգները մեզ խնդրել է դա անել։ Մենք մեզ հիասթափված եւ ծաղրված ենք զգում Թրամփի վարչակազմի կողմից, որը դիտավորյալ անտեսում է Դանիայի մասնակցությունը Միացյալ Նահանգների հետ մարտական գործողություններին:
Բառերով հնարավոր չէ նկարագրել, թե որքան ցավալի է մեզ համար, որ Սպիտակ տունը մոռանում է Դանիայի ներդրումն ու զոհողությունները ժողովրդավարության, խաղաղության եւ ազատության համար պայքարում»:
Ինչպես հաղորդվում է՝ վետերանները նախ հավաքվել են զոհված դանիացի զինծառայողների հուշարձանի մոտ, ապա սկսել են երթ դեպի ԱՄՆ դեսպանատուն, որտեղ մեկ րոպե լռությամբ հարգել են Դանիայի բանակի, ռազմաօդային ուժերի, նավատորմի, արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության եւ ոստիկանության զոհերի հիշատակը։
Դանիացի վետերանները վրդովված են, որ Սպիտակ տան հռետորաբանությունն անտեսում է Գրենլանդիայի ինքնորոշման իրավունքը, որը ՆԱՏՕ դաշնակից երկրի՝ Դանիայի տարածքն է: Նրանք նաեւ կտրականապես դեմ են Թրամփի այն հայտարարությանը, որ Դանիան ի վիճակի չէ պաշտպանել Արեւմուտքի անվտանգության շահերն Արկտիկայում:
Նշվում է նաև, որ քառասունչորս դանիացի զինվոր է զոհվել Աֆղանստանում, ինչը կոալիցիոն ուժերի շրջանում մեկ շնչի հաշվով մահացության ամենաբարձր ցուցանիշն է: Եվս ութը զոհվել է Իրաքում: Լարվածությունն ավելի է սրվել երեքշաբթի, երբ դեսպանատան աշխատակիցները հանել են դեսպանատան առջեւ տեղադրված 44 դանիական դրոշներ, ամեն մեկը՝ Աֆղանստանում զոհված յուրաքանչյուր դանիացի զինվորի համար:
Պետդեպարտամենտն ավելի ուշ հայտնել էր, որ անվտանգության աշխատակիցները, որպես կանոն, հեռացնում են ցույցերից եւ «խոսքի ազատության այլ օրինական դրսեւորումներից» հետո թողնված իրերը: Ըստ հաղորդագրության՝ դրոշները վերադարձվել են նրանց, ովքեր դրանք թողել են:


