Խամենեին մերժել է Իրանի հանձնվելու մասին Թրամփի կոչը և ԱՄՆ-ին անդառնալի հետևանքներ է խոստացել
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչին Իրանի հանձնվելու վերաբերյալ և զգուշացրել, որ ԱՄՆ-ի ցանկացած հարված կունենա «լուրջ, անդառնալի հետևանքներ»։ Այս մասին Խամենեին գրառումներ է արել X սոցիալական հարթակում։
«Խելամիտ չէ Իրանի ժողովրդին ասել, որ հանձնվի։ Ինչի՞ն պետք է հանձնվի իրանական ազգը։ Մենք երբեք չենք հանձնվի որևէ մեկի հարձակումներին ի պատասխան։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է։ Սա իրանական ազգի ոգին է», - գրել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփն «անվերապահ կապիտուլյացիայի» կոչ էր արել Իրանին։
«ԱՄՆ նախագահը սպառնում է մեզ։ Իր անհեթեթ հռետորաբանությամբ նա պահանջում է, որ իրանցի ժողովուրդը հանձնվի։ Նրանք պետք է սպառնալիքներ հնչեցնեն նրանց դեմ, ովքեր վախենում են սպառնալիքներից։ Իրանի ազգը չի վախենում նման սպառնալիքներից», - հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդը։
Այաթոլլա Ալի Խամենեին նշել է, որ «Իրանի ժողովուրդը վճռականորեն կդիմադրի ցանկացած պարտադրված պատերազմի, ինչպես միշտ արել է»
«Մենք արդեն կասկածներ ունեինք, որ ԱՄՆ-ն ներգրավված է սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված չարամիտ քայլի մեջ, սակայն նրանց վերջին հայտարարությունները հաշվի առնելով՝ այս կասկածն օրեցօր ավելի է ուժգնանում», - մեկ այլ գրառման մեջ ասել է Իրանի գերագույն առաջնորդը։
Նա նաև անդառնալի հետևանքներով է սպառնացել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ հակամարտությանը ուղղակիորեն ներգրավվելու դեպքում։
«ԱՄՆ-ի կրած վնասն, անկասկած, անդառնալի կլինի, եթե նրանք ռազմական ճանապարհով մտնեն այս հակամարտության մեջ», - հաջորդ գրառման մեջ նշել է նա։
Իսրայելն Իրանին հարվածներ է հասցրել հունիսի 13-ին՝ հայտարարելով, որ թիրախավորում է Իրանի միջուկային ծրագիրը և բալիստիկ հրթիռների ծրագիրը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել։ Կողմերի միջև արդեն վեց օր է՝ փոխադարձ հարվածները շարունակվում են։ Իրանը զոհերի պաշտոնական թիվ է հայտնել հունիսի 16-ին՝ նշելով 224 զոհի մասին, որոնց թվում կան 45 կին և երեխա։ Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից 24 զոհի մասին։