Իսրայելը դարձյալ հարվածներ է հասցրել Հարավային Լիբանանին
Իսրայելն այսօր դարձյալ հարվածներ է հասցրել Հարավային Լիբանանում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Ալի ալ-Թահիր բարձունքներին: Այս մասին տեղեկացնում է լիբանանյան «Al-Wataniya» լրատվական գործակալությունը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Իսրայելը ինտենսիվ հրետանային հարվածներ է հասցրել Հադաթա և Հարիս քաղաքների միջև ընկած տարածքին, ինչպես նաև Նաբաթիեի շրջանում գտնվող Ալի ալ-Թահիր բարձունքներին»։
Ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր, որ ոչնչացրել է Հարավային Լիբանանի Ալի ալ-Թահիրի հատվածում «Հեզբոլլահին» պատկանող ռազմավարական ստորգետնյա ենթակառուցվածքներ։
Մինչդեռ Իրանը լրատվամիջոցների միջոցով նախազգուշացրել էր, որ այդ վայրի ուղղությամբ իսրայելական հարվածը կարող է հանգեցնել կոշտ պատասխան գործողության։
Հունիսի 26-ին Վաշինգտոնում Լիբանանը և Իսրայելը շրջանակային համաձայնագիր էին կնքել, որը նախատեսում էր իսրայելական զորքերի դուրսբերում օկուպացված տարածքներից և դրանց նկատմամբ լիբանանյան բանակի վերահսկողության վերականգնում։ Չնայած դրան՝ Լիբանանի տարածքին հասցվող հարվածները շարունակվում են։



