երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Իրկուտսկի մարզում անհետացել է անտառային հրդեհների մոնիթորինգ իրականացնող ինքնաթիռը

Իրկուտսկի մարզում անհետացել է անտառային հրդեհների մոնիթորինգ իրականացնող ինքնաթիռը

Ռուսաստանի Իրկուտսկի մարզում այսօր՝ օգոստոսի 3-ին, կորել է կապը «Cessna 182» ինքնաթիռի հետ, որն իրականացնում էր անտառային հրդեհների իրավիճակի դիտարկում։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մոտ մեկ ժամ առաջ տարածաշրջանային դիսպետչերական ծառայությունից տեղեկություն ստացանք, որ սահմանված ժամին կապի դուրս չի եկել և թռիչքի վայր չի վերադարձել «Cessna 182» ինքնաթիռը։ Ինքնաթիռում եղել է երկու մարդ՝ օդաչու-դիտորդը և օդանավի հրամանատարը»:

Կոբզևը հավելել է, որ թռիչքի հետագծման տվյալների համաձայն՝ անձնակազմը զննել է Բոդայբինի անտառտնտեսության տարածքում բռնկված հրդեհը, այնուհետև ինքնաթիռը շարժվել է դեպի Բոդայբո։ Քաղաքի վրայով շրջան կատարելուց հետո այն շարունակել է թռիչքը դեպի հարավ-արևելք։ Վերջին կոորդինատները գրանցվել են ժամը 13:58-ին։

Մոտ ժամանակներս որոնողական աշխատանքներին կմիանա Յակուտիայից ուղարկվող ինքնաթիռը։ Առավոտյան որոնումներին կմասնակցեն նաև երկու ուղղաթիռներ։

  • Կիսվել: