երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրանը մտադիր է փակել Աֆղանստանի հետ սահմանը

Իրանը մտադիր է փակել Աֆղանստանի հետ սահմանը

Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը երկրի գլխավոր հարցերից է անվանել Աֆղանստանի հետ սահմանի փակումը և հայտարարել է, որ ոչ մի երկիր չի կարող Իրանին արգելել իրագործել նման ծրագրերը։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Բրիգադային գեներալ Ամիր Քյումարս Հեյդարին Իրան-Աֆղանստան սահման այցի ժամանակ հայտնել է, որ երկու երկրների սահմանային գոտու փակումը Թեհրանի գլխավոր խնդիրներից մեկն է։

Նա նշել է, որ պլանավորվում է ինժեներական ստորաբաժանումների կողմից երկրի հյուսիս-արևելյան սահմանների 74 կմ երկարությամբ հատվածում իրականացնել արգելափակման աշխատանքներ։

«Կայուն անվտանգության ապահովումը խնդիր է, որն ընկած է զինված ուժերի ուսերին, և այդ կայուն անվտանգությունը երբեմն իրականացվում է անօդաչու թռչող սարքերի կամ տեսախցիկների միջոցով, իսկ երբեմն էլ ֆիզիկական ներկայությամբ՝ սահմանը փակելով։ Հետևաբար, ուրիշները չեն կարող մեզ թելադրել, թե ինչ պետք է անենք մեր սահմանների ներսում», - հավելել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Հեյդարին։

Նա ընդգծել է, որ Իրանը ցանկանում է անվտանգություն ստեղծել իր սահմաններին՝ ըստ իր հայեցողության։

«Մենք ցանկանում ենք փակել մեր սահմանները: Բոլոր երկրներն էլ անում են դա՝ սեփական կամքով և ծրագրով», - ասել է Հեյդարին՝ հավելելով, որ հարևաններից ոչ մեկի հանդեպ դա որևէ անարդարություն չի ենթադրում։

  • Կիսվել: