հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Իրանը «հավատարիմ է դիվանագիտությանը», բայց կշարունակի պատասխանել Իսրայելի հարվածներին

Իրանը «հավատարիմ է դիվանագիտությանը», բայց կշարունակի պատասխանել Իսրայելի հարվածներին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Իսրայելի հետ հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ​​միջոցներով, բայց կշարունակի Իսրայելին հարվածներ հասցնել ինքնապաշտպանության նպատակներով։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:

«Իրանը կշարունակի ինքնապաշտպանության իր իրավունքն իրականացնել հպարտությամբ ու քաջությամբ, և մենք կստիպենք ագրեսորին զղջալ ու վճարել իր լուրջ սխալի համար», - գրել է Արաղչին։

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Թեհրանն առաջվա պես «հավատարիմ է դիվանագիտությանը»՝ հավելելով, որ «ինչպես նախկինում, մենք լուրջ ենք նայում նաև ապագային»։

Արաղչին մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «այս պատերազմը սանձազերծելու մեջ՝ դիվանագիտությունը ոչնչացնելու նպատակով», և աշխարհին նախազգուշացրել է, որ Իսրայելը փորձում է ընդլայնել հակամարտությունը։

Նա ընդգծել է, որ մինչ այժմ Իրանը սահմանափակվել է բացառապես Իսրայելին հարվածելով, թեև գիտի այն երկրների մասին, որոնք օգնություն են ցուցաբերում նրան։

Ինչպես հունիսի 19-ին գրել է The Wall Street Journal-ը, վկայակոչելով աղբյուրների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Իրանի վրա հարձակման պլանին, բայց դեռ համապատասխան հրաման չի տվել։ 

The Wall Street Journal-ի տվյալներով՝ Թրամփը քննարկում է Իրանի միջուկային խնդրի լուծման զանազան տարբերակներ, այդ թվում՝ ուժի կիրառումը։

 

  • Կիսվել: