շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Իրանի նկատմամբ Ալիևի սադրիչ վերաբերմունքը կարող է խաթարել Ադրբեջանի անվտանգությունը. Responsible Statecraft

Իրանի նկատմամբ Ալիևի սադրիչ վերաբերմունքը կարող է խաթարել Ադրբեջանի անվտանգությունը. Responsible Statecraft

Responsible Statecraft պարբերականը հրապարակել է Վաշինգտոնում և Մադրիդում Լատվիայի դեսպանության նախկին աշխատակից Էլդար Մամեդովի հոդվածը, որտեղ վերջինս նշել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում առկա լարվածության ապաէսկալացման հույսը, որն առաջացել էր երկու երկրի ԱԳ նախարարների հեռախոսազրույցից հետո, կարճատև էր:  

Նա նշել է, որ նախարարների հեռախոսազրույցից օրեր անց Իլհամ Ալիևն Իրանին մեղադրել է Եվրոպա և Ռուսաստան թմրանյութեր տեղափոխելու համար Լեռնային Ղարաբաղի տարածքն օգտագործելու մեջ: Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի ՛՛ապշեցուցիչ հայտարարություններին՛՛՝ դատապարտելով դրանք:

Հեղինակը նշել է, որ, որոշելով գնալ հակաիրանական արշավի սրման, Բաքվի ռեժիմը մի շարք ադրբեջանցի շիա հոգևորականների է ձերբակալել, որոնք ՛՛իրանամետ՛՛ են համարվում, այդ թվում՝ Բաքվի ուրբաթօրյա մզկիթի նախկին իմամ Իլգար Իբրահիմօղլուին և հոգևոր կայքերից մեկի գլխավոր խմբագիր Սարդար Բաբաևին: Նա հավելել է, որ վերջինիս անգամ մեղադրանք են առաջադրել պետական դավաճանության համար: Ըստ հոդվածագրի՝ այս գործի միջոցով Բաքուն փորձում է ամրապնդել իր հեղինակությունն ԱՄՆ-ում և ԵՄ-ում:

Ըստ Մամեդովի՝ առնվազն ներկա պահին Ալիևը ցանկություն չունի նվազեցնելու լարվածությունը Թեհրանի հետ հարաբերություններում: Նա գրել է. ՛՛Հայաստանի դեմ Բաքվի ռազմական հաջողությունն ակնհայտորեն ոգեշնչել է նրան՝ բաց մարտահրավեր նետելու իր հարավային հարևանին: Երբ Իրանը լայնամասշտաբ  զորավարժություններ էր իրականացնում Ադրբեջանի սահմանի մոտ, ադրբեջանական կառավարամետ կայքերը գրում էին, որ իսլամական պետության զինանոցը չի համապատասխանում Ադրբեջանի բարձրտեխոնոլագիական սարքավորումներին, որոնք երկիրը ստացել է Իսրայելից և Թուրքիայից՛՛:

Հեղինակի խոսքով՝ Ալիևը հույս ունի, որ Անկարայի և Թել Ավիվի ռազմական և դիվանագիտական աջակցությունը բավարար զսպող գործոն կլինի Թեհրանի դեմ: Նա նաև տեսակետ է հայտնել, համաձայն որի՝ Իսրայելի աջակցությունը պետք է վերաճի Վաշինգոտնի աջակցության՝ մանավանդ այն պարագայում, որԻրանի հետ միջուկային գործարքի վերականգնման հեռանկարներն անորոշ են:  

Ալիևի վստահությունը, ըստ Մամեդովի, անտեղի և հակաարդյունավետ է, քանի որ Իրանի զորավարժություններն Ադրբեջանի սահմանների մոտ նպատակ են ունեցել ոչ թե ներխուժման նախապատրաստվելու, այլ ավելի շուտ՝ Բաքվի ուշադրությունը հրավիրելու  և ցույց տալու, որ Իրանում բարեկամական չեն համարում հարևանի քաղաքականությունը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այս դեպքում այլ իրավիճակ է՝ ի տարբերություն մյուս երկրների, որտեղ Թեհրանը հաջողությամբ գործողություններ է իրականացնում վստահված անձանց միջոցով: Այստեղ հեղինակը նշել է Իրաքն ու Լիբանանը:

Նա նաև հավելել է, որ թեև Ադրբեջանում մեծ թվով շիա դավանողներ են ապրում, սակայն նրանք տարիներ շարունակ ճնշված են եղել՝ սկզբում խորհրդային աթեիզմի տարիներին, հետագայում՝ թուրքամետ ազգայնականության ֆոնին անկախության տարիներին: Սակայն կառավարությունը վերջերս փոխել է վերաբերմունքը երկրում ապրող շիաների նկատմամբ. այժմ Բաքուն համագործակցում է հեղինակավոր կրոնական առաջնորդների հետ՝ ձգտելով ՛՛ազգային շիիզմ՛՛ ստեղծել, որը քաղաքականապես կլինի պետական կրոն և կախվածություն չի ունենա Իրանից:

Մամեդովը գրել է, որ, այդուհանդերձ, երկրում կա մարդկանց ոչ փոքրաթիվ զանգված, որը դժգոհ է կոռուպցիայից և սոցիալ-տնտեսական անհավասարությունից, որը չափազանց ակնհայտ է դարձել Ալիևների իշխանության օրոք: Ալիևի կողմից աշխարհիկ ընդդիմությանը ճնշելուց հետո հավանական է, որ դժգոհությունը որոշ աստիճանով կրոնական-քաղաքական տեսք կստանա, ինչից էլ կարող է երկարատև հեռանկարում օգտվել Թեհրանը:

Նա նշել է, որ Բաքվի և Թեհրանի միջև հակամարտության վերջին բռնկումը գործնականում արթնացրել է Իրանում վաղուց քնած պատկերացումները Կովկասի մասին՝ որպես «փախուստի դիմած նահանգի, որը 19-րդ դարում առանձնացվել է Ռուսական կայսրության պատճառով»: Իրանական ազգայնականության աճը ինչպես կրոնական, այնպես էլ աշխարհիկ ձևաչափերում ևս մեկ երկարաժամկետ հետևանք է, որը Ալիևը և նրա կողմնակիցները չեն կարողացել կանխատեսել:

Ըստ հոդվածագրի՝ դրա հետևանքներից մեկն այն է, որ Թեհրանն արդեն սկսել է շրջվել Երևանի կողմը, ինչը, ճակատագրի հեգնանքով, Բաքվի հայտարարությունները Իրանի հայաստանամետ լինելու մասին իրականություն է դարձնում: Այս մասին գրելով՝ հեղինակը նշում է, որ Իրանը Հայաստանն է ընտրել որպես գործընկեր Հյուսիս-հարավ նախագծի շրջանակում առևտրի ուղի բացելու համար:

Ինչպես նշել է Մամեդովը՝ Իրանը տիրապետում է հիմնական զսպող միջոցների՝ հրթիռների, որոնց հեռահարությունը բավական է Ադրբեջանի ողջ տարածքը խոցելու համար: 

Եզրափակելով հոդվածը՝ Մամեդովը նշել է, որ, անշուշտ,  նման հարվածը կնշանակեր զանգվածային էսկալացիա և կհանգեցներ պատասխան միջոցների ներգրավման՝ հավանաբար, Թուրքիայի մասնակցությամբ, այդ իսկ պատճառով հարված հասցնելու շեմը բավականին բարձր է: ՛՛Սակայն իրանցի առաջնորդները նախկինում վստահաբար ցույց են տվել, որ եթե իրենց նեղը գցեն, իրենք առանց երկմտելու կհարձակվեն ենթադրյալ թշնամիների վրա: Այդպիսով, Ալիևի՝ կրկին թափ ստացած ագրեսիվությունն ու սադրիչ վերաբերմունքը Իրանի նկատմամբ կարող է խաթարել Ադրբեջանի անվտանգությունը եկարաժամկետ հեռանկարում՛՛,-հոդվածն ավարտել է Մամեդովը:

  • Կիսվել: