Այս օրերին համարյա ամեն օր 10 հազարից ավելի ուղևոր է մուտք գործում ՀՀ. Փաշինյան
Հայաստան ժամանող ուղևորների ամենօրյա թվերին հետևում եմ, շատ լավ, մեծ ուղևորահոսքեր կան, և ուզում եմ դա էլ արձանագրենք որպես արտահանման մի ճյուղ, որովհետև զբոսաշրջիկներ են գալիս: Այս օրերին համարյա ամեն օր 10 հազարից ավելի ուղևոր է մուտք գործում ՀՀ: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 9-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Լավ միտում էլ կա, քանի որ Հայաստանի ճանաչելիությունը բարձրացել է, կարող է մարդիկ, առիթից օգտվելով, որ Հայաստանով 3-րդ երկրներ են ուղևորվում, կամ հակառակ ուղղությամբ, 1-2 օրով դուրս են գալիս, հանրապետությունում շրջում են, կա՛մ Երևան են գալիս, կա՛մ Էջմիածին են գնում, կա՛մ Փարաքար են գնում, և դա նույնպես շատ էական ազդեցություն է ունենում:
Նաև շուկայում գների վիճակը ցույց է տալիս, որ սպառման մեծ պրոբլեմներ գոյություն չունեն: Իհարկե, 1-2 ապրանքատեսակի՝ վարդի և լոլիկի հետ կապված, որոշակի գնանկում ունենք, մնացած դեպքերում ոնց որ թե էական [փոփոխություն չկա]»,- ասաց Փաշինյանը:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այս համատեքստում տեղեկացրեց, որ ծաղիկի դեպքում, օրինակ, արտահանումը մեծացել է, և միայն լոլիկի դեպքում է, որ գնանկում կա:
Փաշինյանը զբոսաշրջային հոսքերի ավելացման մասով նշեց, որ հունիսի բոլոր ժամանակների համար պատմական ռեկորդ է գրանցվել, և այս հարցում, ըստ վարչապետի, էական դեր է կատարել այն որոշումը, համաձայն որի՝ նոր ուղղություններով ավիաընկերությունների ուղևորների ուղևորահոսքերը սուբսիդավորում են:


