Իրանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ՌԴ դեսպանին՝ Ռուսաստանի և ՊԾԱՊՀԽ հայտարարության առթիվ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին՝ երկուշաբթի Մոսկվայում տեղի ունեցած նախարարական հանդիպման (ՌԴ եւ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) ռազմավարական երկխոսության շրջանակում) ամփոփիչ հայտարարության հետ կապված, հայտնում է Tasnim-ը։
Նշվում Գործակալության տեղեկացմամբ՝ Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը կանչվել է իսլամական հանրապետության ԱԳՆ։ Նրան բողոք է ներկայացվել այն բանի հետ կապված, որ ՌԴ եւ ՊԾԱՊՀԽ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունում խոսվել է Պարսից ծոցում երեք կղզիների պատկանելության մասին։ Գերատեսչության ներկայացուցիչը կոչ է արել ճշտել ՌԴ դիրքորոշումն այս հարցում՝ ընդգծելով, որ այդ կղզիները պատկանում են Իրանին, հավաստիացրել է գործակալությունը։
Երկուշաբթի Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել բանակցությունների վեցերորդ փուլը ԱԳՆ ղեկավարների մակարդակով, Ռուսաստանի եւ ՊԾԱՊՀԽ ռազմավարական երկխոսության շրջանակում։ Ինչպես տեղեկացրել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, կողմերն ընդունել են համատեղ հայտարարություն եւ 2023-2028թթ. գործողությունների համատեղ պլան։ Կազմակերպության քարտուղարության հայտարարությունում, մասնավորապես, նշվել էր, որ նախարարները «հաստատել են խաղաղ ջանքերի աջակցությունը, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրությունների նախաձեռնությունը եւ երեք կղզիների՝ Մեծ Թոմբեի, Փոքր Թոմբեի եւ Աբու Մուսեի հարցի խաղաղ լուծման ջանքերը երկկողմ բանակցությունների կամ ՄԱԿ Միջազգային դատարանի միջոցով»։ Այդ կղզիները գտնվում են Պարսից ծոցի ռազմավարական առումով կարեւոր շրջանում։ Դրանց պատկանելությունը վիճարկում են ԱՄԷ-ի եւ Իրանի իշխանությունները։