Հունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրմանը. Սիյարտո
Հունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրմանը, քանի դեռ չի վերականգնվել «Բարեկամություն» խողովակաշարով ռուսական նավթի տարանցումը։ Այս մասին Ֆեյսբուքում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։
Նա նշել է, որ Բուդապեշտը կարգելափակի ռազմական վարկի հատկացումը, քանի դեռ Կիևը չի վերականգնել ուկրաինական տարածքով նավթի մատակարարումները Հունգարիա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի իշխանությունները չեն վերականգնում նավթի տարանցումը «Բարեկամություն»-ով՝ պատճառաբանելով հունվարի վերջին նավթամուղի ստացած վնասվածքները, մինչդեռ Հունգարիայի ԱԳ նախարարի կարծիքով՝ Կիևը դա անում է շինծու քաղաքական պատճառներով, քանի որ տեխնիկական հիմքեր գոյություն չունեն։
Ավելի վաղ Սիյարտոն հայտարարել էր, որ Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիքի մատակարարումները Ուկրաինային։ Նա պարզաբանել էր, որ դա արվել է ի պատասխան Կիևի շանտաժին, որը քաղաքական պատճառներով չի վերականգնում ռուսական նավթի տարանցումը Հունգարիա՝ ձգտելով երկրում էներգետիկ ճգնաժամ առաջացնել և ազդել ապրիլի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա։


