կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հնդկաստանն ու ԱՄԷ-ն ամրապնդում են կապերն էներգետիկայի ոլորտում

Հնդկաստանն ու ԱՄԷ-ն ամրապնդում են կապերն էներգետիկայի ոլորտում

Հնդկաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները մտադիր են ամրապնդել հարաբերություններն էներգետիկայի, վերականգնվող էներգիայի և պարենային անվտանգության ոլորտներում: Այս մասին ասված է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և արաբական պետության նախագահ Մուհամմադ բին Զայիդ բին Սուլտան ալ-Նահյանի՝ հուլիսի 15-ին կայացած հանդիպման արդյունքներով տարածված համատեղ հայտարարության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

՛՛Առաջնորդները պայմանավորվել են էներգետիկայի ոլորտում երկկողմ գործակցության հետագա ամրապնդման մասին, ինչպես նավթի, գազի, այնպես էլ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում: Երկու կողմերն էլ կզարգացնեն համագործակցությունը կանաչ ջրածնի, արևային էներգիայի ոլորտներում՛՛,-ասված է հայտարարության մեջ:

Բացի այդ՝ նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են ամբողջ էներգետիկ սպեկտրում ներդրումների ավելացման մասին:

՛՛Ընդունելով պարենային անվտանգության կարևորությունը՝ առաջնորդները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ բարձրացնելու սննդի մատակարարման շղթաների հուսալիությունն ու կայունությունը և ընդլայնելու սննդի և գյուղատնտեսական արտադրանքի առևտուրը, այդ թվում՝ Հնդկաստանում սննդի միջանցքների նախագծերի միջոցով՛՛,-նշված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: