շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հնդկաստանի հյուսիսում հեղեղումների զոհերի թիվն անցել է 40-ից

Հնդկաստանի հյուսիսում հեղեղումների զոհերի թիվն անցել է 40-ից

Հնդկաստանի հյուսիսում առնվազն 41 մարդ է զոհվել չորս օր անընդմեջ շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով, տեղեկացնում է The Times of India թերթը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր 28 զոհի մասին։ Հնդկաստանի հյուսիս-արևելյան շրջաններում հորդառատ տեղումներն առաջացել են երկու գործոնների՝ մուսոնային անձրևների և Միջերկրական ծովի տարածաշրջանից խոնավ օդային զանգվածների ներհոսքի համակցությամբ: Տեղատարափ անձրևներից տուժել են Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանը, Հիմաչալ Պրադեշի, Ուտարակհանդի, Փենջաբի, Հարյանայի, Ռաջաստանի նահանգները, Ջամմու և Քաշմիրի միութենական տարածքը:

Ինչ վերաբերում է Հիմալայների նախալեռներին, ապա այստեղ հորդառատ անձրևները բազմաթիվ սողանքների պատճառ են դարձել, տեղի գետերը դուրս են եկել ափերից և հեղեղել բազմաթիվ բնակավայրեր։ Հյուսիսային նահանգների լեռնային շրջաններում ավտոտրանսպորտի երթևեկությունը խաթարվել է ճանապարհների հեղեղումների պատճառով, ինչի հետևանքով հարյուրավոր զբոսաշրջիկներ արգելափակվել են լեռներում։

Դելիի Յամունա գետի մակարդակը գերազանցել է 206 մետր նշագիծը, որի դեպքում տարհանումներ պետք է կատարվեն։ Ըստ իշխանությունների՝ հնարավոր հեղեղումների հատվածներից մարդկանց տեղափոխել են ավելի անվտանգ վայրեր։ Քաղաքի իշխանությունները կարծում են, որ լայնածավալ ավերածությունների սպառնալիք չկա, բայց միևնույն ժամանակ բնակիչներին կոչ են արել «լինել զգոն և ուշադրությամբ հետևել իրավիճակին»։

Մայրաքաղաք Նյու Դելիում հուլիսի 9-ին գրանցվել է 40 տարվա ընթացքում տեղումների օրական առավելագույն քանակը՝ 153 մմ:

  • Կիսվել: