Հայիթիի կառավարությունն ակնկալում է, որ Միացյալ Նահանգներն անվտանգության ապահովման նպատակով մոտ 500 զինծառայող կուղարկի երկիր
Հայիթիի կառավարությունն ակնկալում է, որ Միացյալ Նահանգներն անվտանգության ապահովման նպատակով մոտ 500 զինծառայող կուղարկի երկիր, հայտնել է CNN-ը՝ հղում անելով Հայիթիի՝ ընտրություննրի և քաղաքական կուսակցությունների հետ կապերի պատասխանատու նախարար-պատվիրակ Մաթիաս Պիերային:
Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարություը հայտարարել էր, որ Հայիթիի իշխանությունները ԱՄՆ-ից անվտանգային խնդիրների լուծման և նախագահի սպանության հանգամանքների բացահայտման հարցերում օգնություն են խնդրել:
Հայիթիում նախագահ Ժովենել Մոիզի սպանության համար կասկածվող 11 անձինք ձերբակալվել են երկրում Թայվանի դեսպանատանը։ Հինգշաբթի առավոտյան Հայիթիի ոստիկանները դիվանագետներին տեղեկացրել են, որ ցանկանում են մտնել դեսպանատան տարածք՝ կասկածյալներին փնտրելու համար:
Հիշեցնենք, որ օրերս անհայտ անձինք գրոհել էին Հայիթիի նախագահի նստավայրը, սպանել նրան և վիրավորել տիկնոջը: Հաղորդվել էր, որ առաջին տիկինը նույնպես մահացել է ստացած վնասվածքներից, սակայն ավելի ուշ այդ լուրը հերքվել էր: Երկրում ռազմական դրություն է հայտարարվել: