կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Հայաստանի հետ կհամագործակցենք՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտությունից քաղած դասերը»․ Հունաստանի ՊՆ

«Հայաստանի հետ կհամագործակցենք՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտությունից քաղած դասերը»․ Հունաստանի ՊՆ

Հունաստանը պետք է դադարեցնի միայն պատրաստի սպառազինության համակարգերի գնումը և անցնի սեփական պաշտպանական տեխնոլոգիական մշակմանը, հայտարարել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը՝ Нафтемпорики թերթին տված հարցազրույցում։ Նա նախանշել է զինված ուժերի բարեփոխման որոշ ասպեկտներ։ 

««Օրակարգ 2030-ը» զինված ուժերում երբևէ ձեռնարկված ամենամեծ բարեփոխումն է։ Տեխնոլոգիաների, կիբերհարձակումների և արհեստական ​​ինտելեկտի արագ զարգացումը, ինչպես նաև մեր տարածաշրջանում վերջին տարիների զինված հակամարտություններն ավելի քան երբևէ ընդգծում են զինված ուժերի արդիականացման և նոր պայմաններին հարմարեցնելու անհրաժեշտությունը։

Բարեփոխման հիմնական տարրերն են՝ հետազոտությունների և նորարարությունների զարգացումը զինված ուժերում, բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ կառուցվածքի արդիականացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների միացյալ կորպուսի ստեղծումը։ Բարեփոխումը ներառում է նաև փոփոխություններ ծառայության մեջ»,- ասել է նախարարը։

Դենդիասի խոսքով՝ առաջին քայլը զինված ուժերի բյուջեի մի մասը բացառապես հունական պաշտպանական արտադրանքի արտադրությանը հատկացնելն է:

«Ստեղծվում է Հունաստանի ինովացիոն զարգացման կենտրոն կոչվող անկախ մարմինը, որը կկառավարի ծրագրերն ու պայմանագրերը, կաջակցի նոր տեխնոլոգիաների ներդրմանը և կխթանի համագործակցությունը համալսարանների, ռազմական դպրոցների, հետազոտական ​​կենտրոնների և ձեռնարկությունների հետ»,- ասել է Դենդիասը։

Նրա կարծիքով՝ այսօր առավել քան երբևէ կարևոր է ԵՄ-ում պաշտպանական ուժ ստեղծելը, որպեսզի անհրաժեշտության դեպքում ԵՄ անդամ երկրները կարողանան պաշտպանվել սեփական ուժերով։ «Տնտեսական բարգավաճման վրա կենտրոնացած «միամիտ» Եվրոպայի դարաշրջանն ավարտվել է»։

Նախարարը հավելել է, որ մտադիր են Հունաստանին հնարավորություն տալ պաշտպանական տեխնիկայի պարզ սպառողից վերածվել արտադրողի և, հնարավոր է, խոշոր արտահանողի։

Հունաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ անօդաչու սարքերի և հակաօդային համակարգերի ոլորտում տեխնոլոգիական զարգացումները փոխել են համաշխարհային մակարդակով պատերազմի վարման ձևը։

«Վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ ես մանրամասնորեն տեղեկացա ժամանակակից մարտադաշտում ԱԹՍ-ների օգտագործման մասին։ Հիշեցնեմ, որ սա այն երկիրն է, որի զինված ուժերը հարձակման են ենթարկվել մի երկրի բանակի կողմից, որը զանգվածաբար օգտագործել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Բայրաքթար» անօդաչու սարքեր։ Նույն պատճառով մենք Հայաստանի հետ կհամագործակցենք պաշտպանական համագործակցության երկկողմ համաձայնագրերի շրջանակներում՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերը»,- ասել է նա։

Դենսիասը հավելել է, որ Հունաստանը գիտակցում է այս տեխնոլոգիաների կարևորությունը և ակտիվորեն աշխատում է նոր էկոհամակարգի շրջանակներում այս ոլորտում իր կարողությունների ամրապնդման ուղղությամբ: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: