կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների վերջին էսկալացիան «մեծ ուշադրություն է պահանջում»․ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ

Հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների վերջին էսկալացիան «մեծ ուշադրություն է պահանջում»․ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ

ԵԽԽՎ-ի նախագահ Թինի Քոկսը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել կրկնապատկել հակամարտության խաղաղ եւ կայուն լուծման ջանքերը։ Այս մասին նա ասել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում։

«Եվրոպայի խորհուրդն աջակցում է Ուկրաինայի ժողովրդի խիզախ պայքարին հանուն իրենց երկրի եւ մեր անդամ պետության ազգային ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության եւ վերականգնման»,- ասել է Թինի Քոկսը՝ ավելացնելով, որ կարեւոր շատ այլ հարցեր Եվրոպայում նույնպես սեւեռուն ուշադրություն են պահանջում։

«Դրանցից մեկը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերջին էսկալացիան է, որը հանգեցրեց նոր զոհերի երկու կողմում էլ։ Ես կոչ եմ անում երկու երկրներին կրկնապատկել հակամարտության խաղաղ եւ կայուն լուծմանն ուղղված իրենց ուժերը, հակամարտություն, որը բացասաբար է ազդում միլիոնավոր մարդկանց կյանքի վրա Հարավային Կովկասի տարածաշրջանում»։

ԵԽԽՎ-ի նախագահը հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականներին կոչ է արել օգտագործել ԵԽԽՎ-ի նստաշրջանը՝ որպես ամենաբարդ հարցերի քննարկման հնարավորություն, որպեսզի երկխոսություն ստեղծվի եւ տարաձայնությունները հաղթահարելու փորձ արվի։

«Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»,- ավելացրել է նա։

  • Կիսվել: