ուրբաթ, փետրվար 7
7 / 2 / 2025
Ղազախստանը Ռուսաստանին և Ադրբեջանին է փոխանցել կործանված ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները

Ղազախստանը Ռուսաստանին և Ադրբեջանին է փոխանցել կործանված ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները

Ղազախստանը ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին: Այս մասին հայտնել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի հետաքննության հանձնաժողովի ղեկավար Կանատ Բոզումբաևը։

Նա, մասնավորապես, նշել է. «Դրանք վերծանվել են Բրազիլիայում, վերադարձվել Ղազախստան, գտնվում են գլխավոր դատախազության ենթակայությամբ գործող քննչական խմբի մոտ։ Բոլոր փորձագետներն աշխատում են դրանց վրա։ Այժմ և՛ ադրբեջանական, և՛ ռուսական կողմերն ունեն այդ արկղերի տվյալների պատճենները։ Մենք թաքցնելու ոչինչ չունենք»:

Ըստ Բոզումբաևի՝ հետաքննության նախնական արդյունքները կարող են հրապարակվել հաջորդ շաբաթ։

Նա հավելել է, որ Ղազախստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փորձագետներից բացի` հետաքննությանը միացել են նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները։

  • Կիսվել: