կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատար է սպանվել

Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատար է սպանվել

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի «Խան Յունիս» և «Արևմտյան Ջաբալիա» գումարտակների երկու դասակի հրամանատարներ են սպանվել, հայտնում է Իսրայելի Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում են միջազգային լրատվամիջոցները։

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Իսրայելի պաշտպանության բանակը Խան Յունիսի (քաղաք հարավային Գազայի հատվածում ) մոտակայքում ավիահարվածի ժամանակ սպանել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի «Խան Յունիս» գումարտակի դասակի հրամանատար Աշրաֆ Թաբասիին։ Առանձին գործողության ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը Ջաբալիայի (քաղաք հյուսիսային Գազայի հատվածում) մոտակայքում սպանել է ՀԱՄԱՍ-ի «Արևմտյան Ջաբալիա» գումարտակի դասակի հրամանատար Սաբեր Նաբհանին»:

Նշվում է նաև, որ սպանված անձինք «մասնակցել են իսրայելցի զինվորների և քաղաքացիական անձանց դեմ հարձակումների նախապատրաստմանը» և «զբաղվել են ՀԱՄԱՍ-ի ռազմական կարողությունների վերականգնմամբ», ինչը Իսրայելի պաշտպանության բանակը բնութագրել է որպես «հրադադարի համաձայնագրի համակարգված խախտում»։

«Սպանությունները կատարվել են ավիահարվածների միջոցով, որոնք ուղղված են եղել նրանց կողմից ներկայացվող սպառնալիքի վերացմանը»,-հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից:

Գերատեսչությունը հավելել է նաև, որ «հարվածներից առաջ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական բնակչությանը հասցված վնասը նվազագույնի հասցնելու համար», այդ թվում՝ ճշգրիտ ուղղորդվող զինամթերքի կիրառում և օդային հսկողություն։

  • Կիսվել: