երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆրանսիայում Դեպարդիեին կրկին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ

Ֆրանսիայում Դեպարդիեին կրկին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ

 Փարիզում նախաքննություն է սկսվել դերասան Ժերար Դեպարդիեի նկատմամբ սեռական ոտնձգությունների նոր գործով: Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։

Դեպարդիեի դեմ բողոքը ներկայացվել է հունվարի 9-ին մի կնոջ կողմից, որը ռեժիսորի օգնական է աշխատել 2014 թվականին ֆիլմի նկարահանումների ժամանակ և, իր պնդմամբ, դերասանի կողմից ենթարկվել է ոտնձգությունների:

Դեպարդիեի նկատմամբ արդեն հետաքննություն է ընթանում դերասանուհի Շառլոտ Առնուի հանդեպ ոտնձգությունների կասկածանքով։ Անցյալ տարվա ապրիլին Mediapart առցանց հրատարակությունը հրապարակել էր մի նյութ՝ հավաքելով 13 կանանց ցուցմունքներ, որոնք պնդում էին, թե իրենք դերասանի կողմից ենթարկվել են սեռական բնույթի գործողությունների: Խոսքը 2004-2022 թվականներն ընկած ժամանակաշրջանում 11 ֆիլմերի և սերիալների նկարահանման հրապարակներում տեղի ունեցած միջադեպերի մասին է։

Դերասանը, որը դեկտեմբերին նշել է իր 75-ամյա հոբելյանը, հերքել է իր հասցեին հնչած մեղադրանքները։

  • Կիսվել: