չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Եվրոպան պետք է հիշի Ռուսաստանի ներկայացրած սպառնալիքի մասին. Ռյուտե

Եվրոպան պետք է հիշի Ռուսաստանի ներկայացրած սպառնալիքի մասին. Ռյուտե

Այսօր Հաագայում ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովից առաջ մամուլի ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Եվրոպան պետք է աջակցի Ուկրաինային և հիշի Ռուսաստանի ներկայացրած սպառնալիքի մասին:

Նրա խոսքով՝ մեկ տարում Ռուսաստանը նույնքան սպառազինություն է արտադրում, որքան ամբողջ ՆԱՏՕ-ն, ընդ որում՝ Ռուսաստանի տնտեսությունը 25 անգամ փոքր է ՆԱՏՕ-ի երկրների տնտեսությունից:

Ռյուտեն հավելել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատումը ժամանակ է պահանջում: Այդ ընթացքում, Ռյուտեի խոսքով, Ուկրաինան պետք է ունենա պայքարը շարունակելու համար անհրաժեշտ ամեն բան:

Իր հերթին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ձգտումը՝ տարածելու իր նկրտումներն իր պատասխանատվության ավանդական գոտուց դուրս, վտանգներ է պարունակում:

«Չի կարելի ռիսկեր չնկատել այն բանում, որ ՆԱՏՕ-ն դուրս է գալիս իր ավանդական պարտականություններից՝ փորձելով ամրապնդվել Մերձավոր Արևելքում, Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում և Արկտիկայում»,- նշել է նա:

 

  • Կիսվել: