ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Եվրոպամետ ցույցերի 48-րդ օրը. երթեր Թբիլիսիում

Եվրոպամետ ցույցերի 48-րդ օրը. երթեր Թբիլիսիում

Վրաստանի խորհրդարանի դիմաց բողոքի ցույցը վերսկսվել է. Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում ցուցարարները փակել են ճանապարհը։

Տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խմբի փոխանցմամբ՝ ցույցը բազմամարդ է. ցուցարարների թիվը հետզհետե ավելանում է: Ցույցին են միանում տարբեր բնագավառների ներկայացուցիչներ և եվրոպամետ ապագայով մտահոգ քաղաքացիներ:

Ցուցարարները վանկարկում են՝ «Վրաստա՛ն», «Մերժի՛ր ռուսական ռեժիմը»: Ցուցարարները հունվարի 15-ին նախատեսված համընդհանուր գործադուլին ընդառաջ վեր են պարզել մի շարք կոչերով պաստառներ։

Ռուսթավելիի պողոտային զուգահեռ, բողոքի ցույց է ընթանում նաև «Առաջին ալիք»-ի (Հանրային հեռուստաընկերության) մոտ։ Խորհրդարանի մոտ շարունակվող բողոքի ակցիային են միացել նաև Վասո Աբաշիձեի անվան թատրոնից երթով դեպի Ռուսթավելիի թատրոն շարժված դերասանները։ Երթի կարգախոսն էր՝ «Թատրոնն ու հանդիսատեսն ընդդեմ բռնակալության»։

Շարունակական բողոքի ցույցերի 48-րդ օրը ցուցարարների հիմնական պահանջն անփոփոխ է՝ նոր ընտրությունների անցկացում ու բողոքի ցույցերի ընթացքում բերման ենթարկվածների անվերապահ ազատ արձակում։

 

  • Կիսվել: