Եվրահանձնաժողովը հաստատել է զենք գնելու համար 6.1 միլիարդ եվրոյի հատկացումն Ուկրաինային
Եվրոպական հանձնաժողովն ուրբաթ օրը հաստատել է Ուկրաինային զենք գնելու համար լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը: Այս մասին տեղեկանում են ԵՄ տարածած մամուլի հաղորդագրությունից:
«Եվրահանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի տրամադրումը՝ տարբեր պաշտպանական արտադրանք գնելու համար։ Դրանց թվում են հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգեր, զինամթերք, անօդաչու թռչող սարքեր և էլեկտրոնային պատերազմի համակարգեր»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է նաև, որ հատկացված միջոցները կօգտագործվեն ինչպես ԵՄ, այնպես էլ՝ ուկրաինական ընկերություններից զենք գնելու համար։
Հավելենք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է. «Այս որոշման շնորհիվ Ուկրաինան կկարողանա նաև ձեռք բերել Patriot-ի սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են իր երկինքը պաշտպանելու համար»:



