երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էրդողանը դատապարտել է Իսրայելի գործողությունները Ռաֆահ քաղաքում՝ դրանք որակելով «անմարդկային արարք»

Էրդողանը դատապարտել է Իսրայելի գործողությունները Ռաֆահ քաղաքում՝ դրանք որակելով «անմարդկային արարք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում՝ դրանք որակելով «անմարդկային արարք», որն Իսրայելի համար դարձել է «սովորական գործ»։ Այս մասին գրում է trtrussian.com-ը:

«Մենք ասել ենք, որ չենք կարող զիջումների գնալ մարդկանց անվտանգության հարցում... Մարդկությունը պետք է որքան հնարավոր է շուտ լսի այս ճիչը։ Այս ցեղասպանության մասին լռելը մեծ պատասխանատվություն և հետևանքներ է բերում իր հետևից։ Պատմությունը դատելու է նրանց, ովքեր աչք են փակել այս մարդկանց բացահայտ սպանության վրա։ Նրանք, ովքեր իրենց ստորագրությունն են դնում այս ցեղասպանության տակ, արդեն մեղավոր են հայտարարվել պատմության առաջ»,- ասել է Էրդողանը:

«Թուրքիան պաշտպանում է ոչ միայն պաղեստինցի եղբայրներին, այլև «մարդու իրավունքները, խաղաղությունը, միջազգային իրավունքը» (չակերտները՝ խմբ․)։ Թուրքիան ակնհայտորեն ցույց է տալիս իր «անկեղծություն» (չակերտները՝ խմբ․) այս հարցում»,- ասել է նա՝ հավելելով, որ «գլոբալ համակարգի արատավոր կառուցվածքը» պետք է փոխվի՝ հետագա ջարդերը կանխելու համար։

Նշենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կշարունակի հարձակումները ՀԱՄԱՍ-ի վրա Գազայի հարավում՝ Ռաֆահում, քաղաքացիական անձանց հեռանալուց հետո:

Իսրայելի վարչապետը չի հայտնել, թե երբ կարող է տեղի ունենալ հարձակումը, կամ ուր կարող են գնալ հարյուր հազարավոր մարդիկ, որոնք այժմ գտնվում են Ռաֆահում: Միևնույն ժամանակ, Նեթանյահուն գտնվում է միջազգային հանրության աճող ճնշման տակ, որը պահանջում է զերծ մնալ նախատեսվող հարձակումից:

  • Կիսվել: