երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԵՄ-ն կոչ է անում Ռուսաստանին վերանայել իր որոշումը և անհապաղ վերսկսել «հացահատիկի գործարքը»

ԵՄ-ն կոչ է անում Ռուսաստանին վերանայել իր որոշումը և անհապաղ վերսկսել «հացահատիկի գործարքը»

Եվրամիությունը դատապարտում է «հացահատիկի գործարքը» դադարեցնելու Ռուսաստանի որոշումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակությունը, տեղեկացնում է «Կոմերսանտը»:

Ըստ ԵՄ-ի՝ «Ռուսաստանը միանձնյա արգելափակում է Ուկրաինայից արտահանման կարևորագույն ուղիներից մեկը»։ Բացի այդ՝ Եվրոպան նաև կարծում է, որ Մոսկվան «ամբողջական պատասխանատվություն է կրում ամբողջ աշխարհում հացահատիկի մատակարարման ընդհատումների և պարենային ապրանքների համաշխարհային գների աճի համար»։

ԵՄ-ից նշում են, որ «հացահատիկի գործարքը» օգնել է ապահովել գրեթե 33 միլիոն տոննա հացահատիկի և պարենի անվտանգ արտահանումը 45 երկիր:

«ԵՄ-ն կոչ է անում Ռուսաստանին վերանայել իր որոշումը և անհապաղ վերսկսել Սևծովյան հացահատիկի նախաձեռնության իրականացումը»,- ասվում է ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ, որը հրապարակվել է տելեգրամյան ալիքում:

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ «հացահատիկի գործարքի» պայմանավորվածությունները դադարել են գործել, գործարքը դադարեցվել է:

«Փաստացի սևծովյան պայմանավորվածություններն այսօր դադարել են գործել: Ինչպես ավելի վաղ ասել էր ՌԴ նախագահը, վերջնաժամկետը հուլիսի 17-ն է: Ցավոք, Ռուսաստանին վերաբերող հատվածը մինչ օրս չի կատարվել, հետևաբար դրա գործողությունը դադարեցվել է», - պարզաբանել էր Կրեմլի խոսնակը:

Նա ընդգծել էր, որ հենց որ կատարվի պայմանավորվածությունների ռուսական մասը, Ռուսաստանը «անհապաղ կվերադառնա այս գործարքի իրականացմանը»։

Սևծովյան նախաձեռնությունը, որը ստորագրվել է 2022 թվականի հուլիսի 22-ին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից, ներառում էր ուկրաինական հացահատիկի և պարենի, ինչպես նաև պարարտանյութերի արտահանումը Սև ծովով: Դա փաթեթային գործարքի մի մասն էր: Երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, նախատեսում է սննդամթերքի և պարարտանյութերի ռուսական արտահանման ապաշրջափակում, Ռուսաստանի գյուղատնտեսական բանկի վերամիացում SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և ծառայությունների մատակարարումների վերականգնում, և Տոլյատի-Օդեսա ամոնիակային խողովակաշարի շահագործման վերականգնումը։

  • Կիսվել: