ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը անհապաղ հրադադարի և բանակցություններին վերադառնալու կոչ է անում

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը անհապաղ հրադադարի և բանակցություններին վերադառնալու կոչ է անում

Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախումների լույսի ներքո ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պեր Ժոան Պոնսը (Իսպանիա) միացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև անհապաղ և տևական հրադադար հաստատելու և բանակցություններին վերադառնալու միջազգային կոչերին՝ մարդկային կյանքերի հետագա կորուստները կանխելու համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով հատուկ ներկայացուցչի տարածած հայտարարությունը:

«Մեր վեհաժողովը մեծ անհանգստությամբ է հետևում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող զինված բախումներին: Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, և երկու երկրները պետք է վերադառնան դեպի կառուցողական երկխոսության ուղի՝ խաղաղության համապարփակ պայմանագիրը ավարտին հասցնելու համար: Շարունակական այս բախումները ոչ միայն վնաս են հասցնում վերջին երկու տարվա ընթացքում գրանցված որևէ առաջընթացին, այլև արդեն ավելի քան 100 հոգու, այդ թվում՝ քաղաքացիական անձանց կյանքեր արժեցան ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի կողմից», - հայտարարել է Պոնսը:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահը նաև իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի սեպտեմբերի 13-ի հայտարարությանը, որով կոչ էր արվում դադարեցնել ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին:

«Մեր կազմակերպության ուղենիշային սկզբունքները նախատեսում են, որ վեճերը մեր անդամ պետությունների միջև պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, և մենք չպետք է դիմենք ուժային միջոցների, որոնք հանգեցնում են հետագա ավերածությունների և երկարատև մարդկային տառապանքների: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը պատրաստ է աջակցել բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջնորդությանը ու դրան աջակցելուն և միտված են երկարաժամկետ խաղաղության հաստատմանը երկու երկրների միջև ու ամբողջ Հարավային Կովկասում», - հավելել է ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը:

  • Կիսվել: