երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քյամիլ Զեյնալլին ազատ է արձակվել և այսօր կվերադառնա Բաքու

Քյամիլ Զեյնալլին ազատ է արձակվել և այսօր կվերադառնա Բաքու

Մոսկվայում այսօր ձերբակալված ադրբեջանցի բլոգեր և ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլին ազատ է արձակվել: Նրա փաստաբան Ալեքպեր Գարաևը նշել է, որ Հայաստանի պահանջով միջազգային հետախուզում հայտարարելու հիման վրա ձերբակալված ֆիթնես մարզիչն ազատ է արձակվել «Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աջակցությամբ և այսօր կվերադառնա Բաքու»։

Թե ինչու ռուսական կողմն ազատ արձակեց 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում երկու խաղաղ բնակչի սպանության համար մեղադրվող Քամիլ Զեյնալիին, պարզ չէ։

Նշենք, որ այսօր առավոտյան մոսկովյան Դոմոդեդովո օդանավակայանում ռուս իրավապահները ձերբակալել էին 44-օրյա պատերազմի ժամանակ անպաշտպան ծերունու և նրա որդու պարանոցները կտրած ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին, ով պատերազմից հետո նաև հանդես է եկել ռուսաստանաբնակ ադրբեջանցիներին ուղղված կոչերով՝ սադրելով նրանց հարձակումներ կազմակերպել ՌԴ հայերի դեմ։

Զեյնալին սոցցանցերում հայտնել էր, որ իրեն ձերբակալել են Հայաստանի պահանջով։

Հետագայում ՆԳՆ-ից InfoPort.am-ին հայտնեցին, որ ՀՀ-ն միջազգային հետախուզում էր հայտարարել ադրբեջանցի մարդասպանին։ Զեյնալին իր տեսաուղերձում խնդրում էր նախագահ Ալիևին օգնել իրեն, քանզի նա «ամեն ինչ արել է հանուն մեծն նախագահ Ալիևի և Ալլահի»։

Զեյնալիի փաստաբան Ալեքբեր Գարաևը հայտնել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 135-րդ (մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ), 147-րդ (վարձկանությունը) և 149-րդ (ռազմական ագրեսիան) հոդվածներով։ Փաստաբանը նաև հայտնել է, որ Զեյնալիի նկատմամբ դատավարությունը տեղի կունենա փետրվարի 22-ին։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Զեյնալիին մեղադրանք է առաջադրված նաև ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով (պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները):

  • Կիսվել: